Որքան գումար է ծախսվել մայրաքաղաքում ամանորյա միջոցառումների համար

4 Min Read
Մայրաքաղաքում ամանորյա միջոցառումների հետ կապված առանձին բաղադրիչների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն է հրապարակել, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
1. 2750-ԱՄՅԱԿԻ ԱՅԳՈՒՄ ԵՎ ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
Համայնքը երկարաժամկետ օգտագործման համար ձեռք է բերել թվով 40 բարձր որակի տնակ-տաղավար, բացի դրանից՝ որոշակի քանակով վերականգնել ենք նախորդ տարվանից մնացած տնակ-տաղավարները, որոնք անվճար հիմունքներով տրամադրվել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին: Այգու շատրվանների վրա տեղադրվել են ամանորյա դեկորացիաներով լուսավորված երկու փակ ծածկով և մեկ բացօթյա հարթակներ, որոնք նախատեսված են տոնավաճառից գնված սնունդն ու ըմպելիքները վայելելու և հաճելի ժամանցի համար։ Այս ամենը նույնպես ձեռք է բերվել նաև հաջորդ տարիներին օգտագործելու համար:
Վերականգնվել են նախորդ տարվանից մնացած թեմատիկ մի շարք դեկորացիաներ, ինչպես նաև այգու սկզբնամասում տեղադրվել է ամանորյա տոնավաճառի մուտքն ազդարարող դեկորատիվ կամար: Ամանորյա տրամադրությունն ընդգծելու համար, այգու ծառերը զարդարվել են ամանորյա լույսերով։ Տոնավաճառի տարածքում քաղաքացիների համար անվճար հիմունքներով գործում են երկու տեսակի մանկական կարուսելներ: Նշված տարածքներում սանմաքարումը, անվտանգությունը և հասարակական կարգի պահպանումն իրականացնելու է նաև կապալառու կազմակերպությունը: Հարկ է նշել նաև, որ մեր քաղաքացիներին առավել բարձր որակի ծառայություններ մատուցելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանվել են որոշակի պահանջներ, որոնց տնտեսվարողները պետք է հետևեն։
Ուստի տնտեսվարողների ներգրավումը, վերոնշյալ կանոններին նրանց ծանոթացնելը, դրանց պահպանմանը հետևելը և ամանորյա տոնավաճառի հետ կապված այս կազմակերպչական հարցերի ապահովման պարտականությունը նույնպես պատվիրակվել է կապալառու կազմակերպությանը։ Նշված աշխատանքների համար, սակայն, առանձին վճարում համայնքային բյուջեից չի կատարվել՝ այն տրամաբանությամբ, որ կապալառու կազմակերպությունը կստանա տնակ-տաղավարների վարձակալության վճարը, որի համար սահմանվել է վերին շեմ։
Վերը թվարկվածների ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 226.5 մլն դրամ:
2. ԼՈՒՅՍԵՐԻ ՎԱՌՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 19-ին հանդիսավորությամբ վառվեցին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Ինչպես գիտեք այս տարի նշվում է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակը, այդ համատեքստում Հանրապետության հրապարակն ամբողջությամբ լցված էր խաչատրյանական շնչով ու դասական երաժշտության երանգներով։
Լույսերի վառումը տեղի է ունեցել Խաչատրյանի «Դիմակահանդես» ստեղծագործության հնչյունների ներքո, հնչել են մաեստրոյի ստեղծագործությունները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:
Ընդհանուր միջոցառման համատեքստում հանդիսությանը մասնակցել են «Բարեկամություն» անսամբլի սաները, ինչպես նաև Swag Art School-ի երեխաները: Բեմում կենդանի կատարումներով հանդես են եկել նաև Արամ MP3-ն և Սրբուկը: Տոնածառի լույսերի վառումն ուղեկցվել է շքեղ հրավառությամբ:
Վերը թվարկվածների ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 89 մլն դրամ:
3․ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՇԱՏՐՎԱՆԻ ԶԱՐԴԱՐՈՒՄ
Հանրապետության հրապարակի շատրվանների նախագծման կոնցեպտի հիմքում կրկին ընկած է դասականն ու խաչատրյանականը։ Այստեղ տարբեր էլեմենտներով փորձել ենք հուշել այդ մասին և ստանալ մի ընդհանուր պատկեր, որում ներգրավված են բյուրեղապակյա հսկա լուսամփոփներ, որոնց հավաքման համար օգտագործվել է ընդհանուր 440 000 բյուրեղիկ, ռոյալներ և դրանցից ճյուղավորվող նոտաներ՝ խաչատրյանական տարբեր ստեղծագործություններից հատվածներով։
Ձեռք բերված դեկորացիաներն օգտագործվելու են նաև հաջորդ տարիներին։
Վերը թվարկվածների ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 79 մլն դրամ:
4. 2750-ԱՄՅԱԿԻ ԱՅԳՈՒՄ 7 ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
Համերգային ծրագրերը, որպես ամանորյա տոնավաճառի անբաժանելի մաս, արդեն ավանդույթ են դարձել։ Այս տարի նույնպես Երևանի 2750-ամյակի այգում ելույթ կունենան Սրբուկը, Jazz for the Kids-ը, Kami Friends Project-ը, Լավ Էլի բենդը և այլք։ Վերը թվարկված միջոցառումների ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 25 մլն դրամ։
Այսպիսով՝ մայրաքաղաքում ամանորյա նշված միջոցառումների համար ծախսվել է 419.5 մլն դրամ, որից հարկերը՝ 58 770 000 դրամ:

 

Կիսվեք այս հոդվածով