Մինչև տարեվերջ կավարտվի կրթական և մարզական 34 օբյեկտի շինարարական ծրագիր

3 Min Read

ՀՀ կառավարության դեկտեմբերի 12-ի նիստի ընթացքում անդրադարձ է եղել Լոռու և Արմավիրի մարզերում մինչև տարեվերջ ավարտվող շինարարական ծրագրերին, որոնք իրականացվում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվող պետական բյուջեի միջոցներով, Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը զեկուցել է, որ մինչև տարեվերջ ավարտված կլինի Արմավիրի մարզում՝ 11, Լոռու մարզում՝ 8 ծրագիր։ Արմավիրի մարզում պատրաստ կլինի Ջրառատ համայնքում Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցը, Արևիկ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզը և 9 դպրոցի մարզադահլիճ։

Դրանք են Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի, Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոցի, Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի, Արմավիրի N 6 հիմնական դպրոցի, Արտիմետի միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճի կառուցման, ինչպես նաև Շահումյանի միջնակարգ դպրոցի, Փշատավանի միջնակարգ դպրոցի, Սարդարապատի միջնակարգ դպրոցի, Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի մարզադահլիճի վերակառուցման ծրագրերը։

Լոռու մարզում մինչև տարեվերջ պատրաստ կլինեն 2 դպրոց և 6 դպրոցի մարզադահլիճ։ Դրանք են Հագվու և Մեդովկայի հիմնական դպրոցների տիպային (մոդուլային) շենքի կառուցումը, ինչպես նաև Վանաձորի Խ. Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի, Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի, Ստեփանավանի N1 վարժարանի, Ագարակի միջնակարգ դպրոցի, Վարդաբլուրի միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճի կառուցումը և Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան N 27 հիմնական դպրոցի մարզադահլիճի վերակառուցումը։

Վարչապետի հարցին ի պատասխան՝ Արմեն Ղուլարյանը նշել է, որ մինչև տարեվերջ կավարտվեն նաև Երևանում 6 դպրոցի մարզադահլիճի շինարարական ծրագրեր․ Ս. Խանզադյանի անվան N 184 ավագ դպրոցի, Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցի, Սիլվա Կապուտիկյանի անվան N 145 հիմնական դպրոցի, Միքայել Նալբանդյանի անվան N 33 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճի կառուցում, ինչպես նաև Մ. Սարյանի անվան N 86 հիմնական դպրոցի և N 136 հիմնական դպրոցի մարզադահլիճի վերակառուցում։

Բացի այդ, մինչև 2023թ․ վերջ կավարտվեն Գեղարքունիքի մարզի Ակունքի և Վերին Գետաշենի N 2 միջնակարգ դպրոցների մարզադահլիճների վերակառուցումը, ինչպես նաև Շիրակի մարզի Կապսի միջնակարգ դպրոցի, Վայոց ձորի մարզի Եղեգիսի դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցումը և Արարատի մարզի Մասիսի N 5 ավագ դպրոցի նոր մասնաշենքի կառուցումը։

Եվս 4 դպրոց արդեն շահագործման է հանձնվել տարվա ընթացքում (Արմավիրի մարզի Արգինայի, Արարատի մարզի Դեղձուտի, Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի և Ջրառատի մոդուլային դպրոցներ)։ Ընդհանուր առմամբ, 2023թ․տարեվերջին կավարտվեն կրթական և մարզական 34 օբյեկտի շինարարական աշխատանքները։

Կիսվեք այս հոդվածով