Տարոնիկ գյուղի ճանապարհը վերանորոգվել է, ինչի արդյունքում նաև «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում զբոսաշրջիկների ակտիվության միտում է նկատվում, բայց տեղանքում տարածքի բարեկարգման և կահավորման անհրաժեշտություն կա:
Կառավարության նիստին հնչած մտահոգությանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ պատմամշակութային արգելոց-թանգարանների տեղեկատվական մոդուլային կենտրոնների կառուցման շրջանակում նախատեսվում է նաև «Մեծամոր» արգելոց-թանգարանի տարածքի բարեկարգում:
«Մեր ծրագրերում կա: Մենք Կառավարության որոշման դաշտ ենք բերում այն փուլում, երբ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված աշխատանքներն ավարտված են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, որ Մեծամորի թանգարանը շատ մեծ պոտենցիալ ունի,
«Իմիջիայլոց, նաև Հայաստանում հանրահռչակման անհրաժեշտություն ունի, որովհետև շատ կարևոր մշակութային հաստատություն է: Ինձ թվում է՝ այս ծրագրի մեջ կներառենք»,- ասել է նա:
ԿԳՄՍ նախարարը ևս ընդգծել է, որ «Մեծամոր» թանգարան-արգելոցը հսկայական պոտենցիալ ունի, և հանրահառչակման առումով այս տարի շատ հետաքրքիր ցուցադրություն է կազմակերպՎել մետրոյում:
«Այսինքն՝ շրջիկ ցուցադրություն էին կազմակերպել, որպեսզի հա՛մ իրազեկվածություն բարձրացնեն, հա՛մ ավելի շատ հնարավորություն ունենան այցելու ներգրավելու»,- ասել է նախարարը:
Նա տեղեկացրել է, որ այս տարի փոխվել է տոմսերի գնային քաղաքականությունը, ինչի արդյունքում շուրջ 50 տոկոսով ավելացել են արգելոց-թանգարանների եկամուտները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում