Նոյեմբերին ամենամեծ գնանկումը գրանցվել է Իջևան քաղաքում. Գների փոփոխությունները՝ ՀՀ խոշոր քաղաքներում

2 Min Read

Գների տատանումներն անհանգստացնում են բոլորին, քանի որ դրանից է կախված ստացած եկամուտներն արդյունավետ տնօրինելու հնարավորությունը։ Մենք պարբերաբար անդրադառնում ենք ՀՀ-ում սպառողական գների փոփոխություններին ընդհանուր առմամբ։ Ունենք վերլուծություններ, որտեղ դիտարկվում են գների փոփոխությունները՝ ըստ ոլորտաների։

Շատ հաճախ ենք անդրադառնում նաև ՀՀ խոշոր քաղաքաներում գրանցվող գնային փոփոխություններին։ Հիմնականում խոշոր քաղաքներում դիտվող միտումները ցույց են տալիս իրավիճակը մարզերում։

Այս առումով ուսումնասիրենք 2023թ-ի նոյեմբերին նախորդ ամսվա և նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների փոփոխությունները ՀՀ խոշոր քաղաքներում․

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, Երևանում 2023թ-ի նոյեմբերին նախորդ տարվա համեմատ դիտվել է գների անկում՝ 0,4%-ով, և գների 0,5%-ով աճ՝ նախորդ ամսվա համեմատ։ Երևանում գների ամենամեծ անկումը 2023թ-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ դիտվել է սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ ապրանքատեսակներում, իսկ ամենամեծ աճը՝ ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակներում՝ 8,6%-ով։


2024-ին Ամուլսարի հանքի տարածքում շինարարական աշխատանքներ կսկսվեն. Lydian Armenia


Մարզերի խոշոր քաղաքաներում 2023թ-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ամենամեծ գնանկումը դիտվել է Իջևան քաղաքում՝ 1,6%-ով։ Իջևանում 2023թ-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների ամենամեծ անկումը դիտվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում՝ 6,8%-ով, իսկ ամենամեծ աճը գրանցվել է ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գներում՝ 6,9%-ով։

2023թ-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների ամենամեծ աճը դիտվել է Արտաշատում՝ 0,1%-ով։ Արտաշատում 9% աճ է արձանագրվել ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակներում, իսկ ամենամեծ անկումը՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների վաճառքում։

2023թ-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների որևէ փոփոխություն չի դիտվել Եղեգնաձորում։ Այստեղ ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի, ամենամեծ գնանկումը դիտվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում, իսկ ամենամեծ աճը՝ ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակներում՝ 8,8%-ով։

2023թ-ի նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ ՀՀ մարզերի գլխավոր քաղաքներում ամենամեծ գնաճը դիտվել է Եղեգնաձորում՝ 0,8%-ով։ Այստեղ գների ամենամեծ աճը 2023թ-ի նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ դիտվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներում՝ 1,6%-ով։ Եղեգնաձորում  2023թ-ի նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ 0,3%-ով գները նվազել են  տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանի ընթացիկ սպասարկում ոլորտում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով