Ձկան արտահանման ծավալները նվազել են. Որքան ձուկ է արտադրվում ՀՀ-ում

2 Min Read

Տարեվերջին ձկնաբուծարանների գործունեության նոր կարգի ներդրումը ձկնաբույծների մոտ դժգոհության ալիք էր բարձրացրել: Ըստ ձկնաբույծների՝ նոր օրենքը չի նպաստելու ոլորտի զարգացմանը, այլ, ընդհակառակը, կրճատվելու են որսի ծավալները, ինչն էլ իր հերթին բերելու է արտահանման ծավալների նվազմանը։ 

Մյուս կողմից, վարչապետ Ն․ Փաշինյանի համոզմամբ՝ ձկնաբուծարանների գործունեության արդյունքում ջրի ծախսը արդյունավետ չէ և որ Հայաստանը կարող է ձուկ ներմուծել, մինչդեռ ջրի պարագայում դա հնարավոր չէ։ Իսկ ջրի պակասը լուրջ խնդիրներ կստեղծի ազգային անվտանգության համար։

Ձկնաբուծարանների ներկայացուցիչներն էլ իրենց հերթին ընդգծել էին, որ ջրի կորուստների պատճառները բազմաթիվ են՝ կոչ անելով կառավարությանը առաջնահերթ զբաղվել հենց այդ խնդիրների լուծմամբ:

Երկու կողմն էլ թերևս ճիշտ են, իսկ այն, որ հանրապետությունում ջրի խնայողությունն անհրաժեշտություն է, կասկածից վեր է։ Ինչևէ, շարունակելով թեման՝ ներկայացնենք, թե 2023թ-ի առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակններում որքան ձուկ է արտադրվել, ինչպիսի ներմուծման և արտահանման ծավալներ ենք ունեցել․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ-ի 1-ին եռամսյակում արտադրվել է 7,839 տոննա ձուկ։

2023թ-ի երրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ արտադրության ծավալները նվազել են 40%-ով՝ կազմելով 4,725 տոննա։

2023թ-ի առաջին եռամսյակում  արտահանվել է 590 տոննա ձուկ։ 2023թ-ի երրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ ձկան արտահանման ծավալները նվազել են 30%-ով՝ կազմելով 411 տոննա։

Հայաստան 2023թ-ի առաջին եռամսյակում ներմուծվել է 1,755 տոննա ձուկ։ 2023թ-ի երրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ ձկան ներմուծման ծավալներն աճել են 31%-ով՝ կազմելով 2,299 տոննա։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով