ԱրարատԲանկն ու «4090 Բարեգործական» հիմնադրամը՝ ի նպաստ պատերազմի մասնակիցների. Շախմատ և ջազ բարեգործական երեկոյի ողջ հասույթը կուղղվի շուրջ 100 ուսանողի կրթավճարի տրամադրմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

3 Min Read

Բեմում Հայաստանի պետական ջազ նվագախումբն է, Լևոն Մալխասյանը, Ավագ Մարգարյանն ու Ինգա Արշակյանը։
Հանուն պատերազմի մասնակիցների որակյալ կրթության՝ ԱրարատԲանկն ու  հիմնադրամն արդեն 2-րդ անգամ միավորում են ջանքերը, օգնում, որ  քառօրյա և 44-օրյա պատերազմի հերոսները հուսալի ապագա ունենան:

Մարդաշատ է Արամ Խաչատրյան համերգասրահը։ Շախմատային սեանսի ու համերգի մասնակիցները ևս անմասն չեն մնում՝ այս կարևոր առաքելությանն իրենց ներդրումը նաև գումարի տեսքով ունենալով։ Այն ևս փոխանցվելու «4090 Բարեգործական» հիմնադրամին։

«Ծրագիրը երկրորդ տարին է իրականացվում, երկրորդ տարին է՝ ԱրարատԲանկը հանդիսանում է գլխավոր գործընկեր այս ծրագրի և պետք է նշեմ, որ ծրագրի հիմքում ընկած է թափանցիկությունը երկու ընկերությունների՝ և՛ հիմնադրամի, և՛ ԱրարատԲանկի միջև, որովհետև մենք ամեն անգամ հերթական ծրագրից հետո հանդես ենք գալիս հաշվետվողականությամբ»,- նշում է ԱրարատԲանկի հասարակայնության հետ կապերի գծով գործադիր տնօրենի խորհրդական Աննա Ալլահվերդյանը:

Ջազային գրավիչ հնչունների ներքո Արամ Խաչատրյան համերգասրահի նախամուտքը վերածվել է շախմատային արենայի։ 7-ից 60 տարեկան շախմատասերներն իրենց ուժերն են փորձում գրոսմայստերների հետ։ «Chess and Jazz»-ը միջազգային ձևաչափ է։

Շախմատային սեանսին հետևում է նաև ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։ Դպրոցում սերտած շախմատի դասերն այստեղ կիրառում են շախմատի ապագա չեմպիոնները։ Հպարտ են, որ իրենց դիմաց գրոսմայստերներ են։

Ինտելեկտուալ այս սպորտաձևի սիրահար է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ Արտակ Մանուկյանը։ Իր երկու որդիներն այս առաջնությանը փորձում են կարևոր քայլերով առաջ գնալ, երկուսն էլ շախմատային կարգ ունեն։ Արտակ Մանուկյանը սիրով է ընդունել ԱրարատԲանկի առաջարկը, համոզված է՝ նման նախաձեռնությունները կօգնեն ավելի հուսալի դարձնել շախմատի ապագան։

«Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգի շնորհիվ նախորդ տարի հավաքվել է ավելի քան 11 միլիոն դրամ։ Գումարն ամբողջությամբ ուղղվել է քառօրյա և 44-օրյա պատերազմի մասնակից ավելի քան 60 ուսանողի կրթավճարի տրամադրմանը։ Այս տարի նպատակ ունեն ավելի շատ գումար հավաքել և ավելի շատ հերոսների համար ամուր թիկունք դառնալ։ Ցանկանում են հոգալ 97 ուսանողի ուսման վարձի 70-100 տոկոսը։

«Այս ամենն արվում է մեր պատերազմի մասնակից ուսանողների համար, որովհետև հիմնադրամը բացվել է 2021 թվականին, անմիջապես պատերազմից հետո տարեսկզբին մենք գրանցել ենք հիմնադրամը, որն ունի մեկ նպատակ՝ տրամադրել կրթավճար, այսինքն կրթության հնարավորություն պատերազմի մասնակիցներին և նաև կրթության շնորհիվ փոխել իրենց կյանքը»,- ասում է «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրանա Փահլեվանյանը:

Նրա խոսքով՝ պարտադիր պայման է, որ ծրագրի շահառուները մարտական գործողությունների մասնակից լինեն, ունենան բարձր առաջադիմություն։ Իրենք հաշվի են առնում նաև ֆինանսական ու սոցիալական կարգավիճակը։

ԱրարատԲանկն ու 4090 բարեգործական հիմնադրամը վստահ են՝ միայն ամուր համագործակցության շնորհիվ կկարողանան կանգնել հայրենիքը պաշտպանած մեր տղաների կողքին՝ շնորհակալ լինելով ոչ միայն խոսքով, այլև գործով:

Շախմատով և ջազով համեմված երեկոյի ավարտին ծրագրի շահառու մասնակիցները բեմ բարձրացան։ Մի քանի րոպե ծափահարությունները չէին դադարում։ Հանդիսատեսը դահլիճը լքեց հուզված՝ այնտեղ թողնելով ու իրենց հետ տանելով սեր ու ջերմություն։

 

Կիսվեք այս հոդվածով