Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը զեկուցեց մայրաքաղաքում ձյան տեղումներով պայմանավորված՝ կատարված աշխատանքների վերաբերյալ:
Նշվեց, որ ձյունը տեղացել է հատկապես մայրաքաղաքի հյուսիսային հատվածում՝ Քանաքեռ-Զեյթունում, Արաբկիրի հյուսիսային հատվածում, Ավանում, Նոր Նորք վարչական շրջանում, Նորք-Մարաշում:
«Տեխնիկան նախապես պատրաստ էր, խառնուրդը՝ նույնպես, որևէ խնդիր չենք ունեցել: Ճանապարհները մշակվել են»,- տեղեկացրել է Արեյանը:
Նրա խոսքով՝ առավոտյան ճշտել է՝ «Ավտոբուս» ՓԲԸ-ն որևէ խնդիր չի ունեցել, Պարեկային ծառայության ղեկավարը նույնպես որևէ խնդիր չի մատնանշել:
«Վարչական շրջանների ղեկավարները բոլորը եղել են տեղում, հերթապահություն են սահմանել: Տեղումները թույլ են եղել, առաջին ձյունն էր՝ որպես այդպիսին, նորմային քիչ թե շատ մոտեցող»,- ասել է Արեյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հորդորել է ուշադիր լինել ոչ միայն ճանապարհների, այլև մայթերի նկատմամբ:
Քաղաքապետի ճշտող հարցին՝ արդյոք ունեցած տեխնիկան բավարա՞ր է, Արեյանը տեղեկացրել է, որ բերվել է 50 միավոր նոր՝ մայթ մաքրող տեխնիկա, որը բաշխվել է վարչական շրջանների միջև, նաև փոքր տրակտորներ, նաև 760 հոգուց բաղկացած անձնակազմը կզբաղվի ձնամաքրման աշխատանքներով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում