27-ամյա Արմինեն թեև մասնագիտությամբ հաշվապահ է, բայց աշխատել է սպասարկման ոլորտում։ Այժմ չի աշխատում։ Պատճառը, ըստ նրա, ցածր վարձատրությունն է։
«Առավոտից երեկո աշխատացնում են, 100 հազար դրամ փող են տալիս, ես էլ մարզում եմ ապրում։ Թեև Երևանին մոտ է, բայց այդ գումարը միայն ճանապարհածախսս կփակի։ Էլ իմաստը որն է՝ աշխատեմ»,- ասում է նա։
Արմինեն ամուսնացած է, 7-ամյա որդին դպրոց է գնում։ Նրա խոսքով՝ սա ևս խոչընդոտ է նրա համար աշխատելու հարցում։
«Եթե գնամ աշխատեմ, բա երեխայիս ով դպրոցից տուն բերի։ Դպրոցում երկարօրյա պարապմունքները մինչև ժամը 3-ն են, այդ ժամերով ինչ աշխատանք գտնեմ»,- նշում է նա։
Իր մասնագիտությամբ աշխատելու համար դիմել է գյուղի դպրոց, ինչպես նաև համայնքապետարան, ասել են՝ թափուր հաստիք չունեն։
«Վարձատրությունը շատ քիչ է, բայց գոնե եթե դա լիներ, կաշխատեի, բայց չկա»,- նշում է Արմինեն։
2022թ.-ին 15-29 տարեկան իգական սեռի երիտասարդների գրեթե 37 %-ը և արական սեռի երիտասարդների 16%-ը չեն սովորել և չեն աշխատել: Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Ստացվում է, որ Հայաստանում 15-29 տարեկան երիտասարդների շուրջ 50 %-ից ավելին ոչ սովորում է, ոչ աշխատում։ Որո՞նք են պատճառները։
Երիտասարդները չեն ցանկանում աշխատել այն պայմաններով, որն առաջարկում են գործատուները։ Այս մասին Banksnews.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
«Աշխատանք կա, բայց շատ ժամանակ երիտասարդները պատրաստ չեն այդ աշխատավարձով աշխատել։ Նաև գործատուները չեն ցանկանում փորձ չունեցողների աշխատանքի ընդունել․ չեն ուզում ներդրում կատարել՝ հետագայում չիմանալով հեռանկարը»,- նշեց Սարգսյանը։
– Այստեղ խնդիրը երիտասարդների մե՞ջ է, թե գործատուների առաջարկած պայմանների։
– Երկուսն էլ։ Գործատուն շահույթ հետապնդող կազմակերպություն է, մանավանդ, եթե տեսնում է՝ անփորձ է, ինքը, բնականաբար, պատրաստ չէ մեծ գումարներ վճարելու, պահում են նվազագույն աշխատավարձի շրջանակներում, երիտասարդներն էլ պատրաստ չեն այդ աշխատավարձով սկսեն աշխատել։ Հետևաբար, եթե նայում ենք գործատուի տեսակետից, ինքն օբյեկտիվ է, եթե նայում ենք ուսանողի տեսակետից, ինքն էլ է օբյեկտիվ․ հաշվարկներ է անում, ասում է՝ իմ տրանսպորտը, իմ ընդմիջումը չի ծածկում այն աշխատավարձը, որը ես պետք է ստանամ։ Խնդիրն այն է, որ նա չի կարևորում փորձը, կարևորում է ֆինանսը, ու նաև օբյեկտիվորեն, գուցե դրա կարիքը ունի և իր հաշվարկները ցույց են տալիս, որ մեկ է, որևէ ֆինանսական օգուտ չի ունենալու աշխատելու դեպքում։ Ուսանողները պետք է մի փոքր համբերատար լինեն, և կայացման ճանապարհն անցնեն։ Որևէ մեկը միանգամից ղեկավար պաշտոն չի զբաղեցնում, միանգամից բարձր աշխատավարձ չի ստանում։
-Ի՞նչ է արվում երիտասարդները մուտքը աշխատաշուկա խթանելու ուղղությամբ։
–Մենք դեկտեմբերի 1-ից ունենք նոր կարգավորում, որը հնարավորություն է տալիս ուսանողներին կամ նորավարտներին գործատուների մոտ որպես փորձնակ լինել, ինչը հնարավորություն կտա մինչև 2 ամիս ժամանակահատվածով փորձառություն ձեռք բերել և հետագայում առավել հեշտ գտնել աշխատանք։ Երկրորդը՝ վերջերս կատարված մի փոփոխությունն է՝ Կամավոր աշխատանքի մասին օրենքն է, իսկ մենք գիտենք, որ երիտասարդությունն է հիմնական շահառուն կամավորությամբ զբաղվելու, և դա ևս շատ մեծ հնարավորություններ է ընձեռում, որ հետագայում կարողանան հեշտ աշխատանք գտնել։ Օրենսդրության տեսանկյունից 2 մեծ փոփոխություններ են կատարվել ընդամենը մի քանի ամսում, որը հնարավորություն է տալու երիտասարդներին ավելի արագ մտնեն աշխատաշուկա։ Երիտասարդների չզբաղված լինելու խնդիրը փորձի բացակայույթունն է, որովհետև գործատուները սովորաբար ցանկանում են արդեն փորձով աշխատանք։ Երրորդ քայլը, որն իրականացրել ենք, պետական աջակցությունն է, որպեսզի երիտասարդներն անցնեն ուսուցում, պրակտիկա, և հետագայում հեշտ ինտեգրվեն աշխատաշուկայում։
Նշենք, որ Վերը նշված ցուցանիշների ֆոնին վերջին տարում կտրուկ ավելացել է Հայաստանում աշխատանքի հիմքով կացություն հայցող օտարերկրացիների թիվը։
2022 թվականին Հայաստանում աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության իրավունք է ստացել 7 758 օտարերկրացի։ Նրանց մեծ մասը՝ 5 770-ը, ՌԴ քաղաքացիներ են, 343-ը՝ Հնդկաստանի և 521-ը՝ Իրանի քաղաքացիներ։
3 279 օտարերկրացի էլ Հայաստանում ստացել են մշտական բնակության իրավունք։ Նրանցից 693-ը՝ ձեռնարկատիրական գործունեություն վարելու հիմքով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում