Արմավիր քաղաքում կկառուցվի «Նորք» բնակելի թաղամաս. կապահովվի մոտ 400 աշխատատեղ

2 Min Read

Գործադիրն հավանություն է տվել «Առսթոռ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում «Նորք» թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագրին:

Հիմնավորման համաձայն՝ ընդհանուր 4.645 հա մակերեսով հողամասը ներկայումս գտնվում է անբարեկարգ վիճակում, համայնքային ծրագրերի շրջանակում հողամասի օգտագործում այլ նպատակով նախատեսված չէ, հողամասի լավագույն և արդյունավետ օգտագործման նպատակով այստեղ նպատակահարմար է իրականացնել բնակելի թաղամասի կառուցման ծրագիր՝ ապահովելով բարեկարգ ու համահունչ միջավայրի առկայությունը: Ընկերությունը պետք է իրականացնի ավելի քան 31 մլրդ 893 մլն ՀՀ դրամի ներդրում:

Ներդրողը պարտավոր է շինարարության մեկնարկից հետո 4 տարվա ընթացքում ծրագրի իրականացման համար նախատեսված հողակտորում կատարել 320-380 քմ մակերեսով մանկապարտեզի և 60-80 քմ մակերեսով գրասենյակի (վարչական շենքի)՝ օրենսդրությամբ սահմանված կարգերին համապատասխան կառուցման և կահավորման աշխատանքներ և արդյունքը սեփականության իրավունքով անհատույց փոխանցել վաճառողին:

Նշված տարածքում բնակելի թաղամասի կառուցման և ներդրումային ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է հողամասն ուղղակի վաճառքի ձևով` շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 56.715.450 դրամ, օտարել ընկերությանը: Միաժամանակ, «Առսթոռ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ծրագրի իրականացման համար սահմանված կարգով շինարարության թույլտվություն ստանալուց հետո 2 տարվա ընթացքում Արմավիր համայնքի բյուջե հանրօգուտ նպատակներով որպես նվիրատվություն նախատեսում է փոխանցել ավելի քան 28 մլն դրամ, որից հետո 1 տարվա ընթացքում միևնույն նպատակով որպես նվիրատվություն Արմավիր համայնքի բյուջե փոխանցել ևս 28 մլն 357 հազար դրամ:

Ծրագրի իրականացման ամբողջ շինարարության ընթացքում կապահովվի մոտ 400 աշխատատեղ, իսկ դրա ավարտից հետո, դրա սպասարկման ոլորտում, կստեղծվեն նոր աշխատատեղեր, էականորեն կավելանա համայնքի բյուջե վճարվող անշարժ գույքի հարկը:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով