Երասխի մետալուրգիական գործարանը կտեղափոխվի Արարատ

1 Min Read

Երասխի մետալուրգիական գործարանը կկառուցվի Արարատի մարզի Արարատ գյուղում։

Կառավարությունը հավանություն տվեց Արարատում պողպատի գործարանի կառուցման ներդրումային ծրագրին ու «Ջի Թի Բի ՍԹԻԼ» ընկերությանը 8.9 հա հողատարածք նվիրաբերեց:

Արտադրական հզորությունների ամբողջական գործարկման արդյունքում կստեղծվի մինչև 500 աշխատատեղ։  Գործարանը կունենա 200-250մլն ԱՄՆ դոլարի տարեկան շրջանառություն։

Առաջին փուլով նախատեսվում է կառուցել սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարան տարեկան 100-120 հազար տոննա արտադրողականությամբ, երկրորդ փուլով արտադրական ծավալները կկրկնապատկվեն և կկառուցվի նաև այլ մետաղական կոնստրուկցիաների և արտադրատեսակների գործարան (խողովակներ, տարբեր հատվածքի պրոֆիլներ, կոնտեյներներ և այլն):

Սկզբնական անհրաժեշտ ներդրումը կազմում է մոտ 29.9 միլիոն ԱՄՆ դոլար, որը կստացվի կանոնադրական կապիտալում ներդրման և ֆինանսական հաստատություններից ստացված փոխառության միջոցով։

«Միաժամանակ, հանդիսանալով Հայաստանի համար ռազմավարական արտադրանք՝ սև և գունավոր մետաղների արտադրանքը կարևոր նշանակություն ունի երկրի պաշտպանունակության և պետական անվտանգության բարձրացման համար։ Այս տեսանկյունից (հաշվի առնելով  միջազգային ասպարեզում ձևավորված տնտեսական ոչ բարենպաստ պայմանները) կարևորվում է Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկություններին հումքով ապահովելու հարցը, ինչն  անհրաժեշտ է սև և գունավոր մետաղներից պատրաստի արտադրանք ստանալու համար»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։ 

Կիսվեք այս հոդվածով