ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդ որում՝ նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով։
Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ, երկրորդը հարավային ուղին է, որն Ադրբեջանի արևմտյան շրջանները կապում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաև հյուսիսային ուղիով»,-նշել է նա։
Ըստ Փաշինյանի՝ հաջորդն ավտոճանապարհներն են, որոնք կարող են ունենալ հյուսիսային ուղի, միջին ուղի և հարավային ուղի։ Վարչապետի խոսքով, այն նոր հնարավորություններ կբացի մեր տարածաշրջանի համար։
«Հայաստանը Խաղաղության խաչմերուկի միջոցով կարող է կապվել և կապել այլ երկրները հյուսիս-հարավ առանցքով և արևելք-արևմուտք առանցքով»,-հավելել է Փաշինյանը։
Վարչապետը նաև հայտարարել է, որ Հայաստանը նույն պատրաստակամությունը ցուցաբերում է Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու ուղղությամբ, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա նախկինում գոյություն ունեցած երկու ավտոճանապարհները վերակառուցելու և վերաբացելու առումով։
Փաշինյանը շեշտել է, որ բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ճանապարհներ, երկաթուղիներ, օդային ուղիներ, պետք է գործեն այն երկրների իրավազորության և սուվերենության ներքո, որոնց տարածքով անցնում են:
«Բոլոր ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային բեռնափոխադրումների և հաղորդակցության համար»,- ասել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում