ՀՀ Ֆոնդային բորսայում կատարված գոր­ծարքների ծավալները՝ եռամսյակային կտրվածքով

2 Min Read

Ընթերցողներից շատերն այնքան էլ լավ չեն պատկերացնում ֆոնդային բորսաների դերը և նշանակությունը տնտեսության համար, քանի որ դեռևս բավարար չափով զարգացում չունենք այս մասով, բացի այդ՝ հանրային լայն շրջանակներում ֆոնդային բորսաներում գործարքներ կատարելու մշակույթը, կարելի է ասել, բավականաչափ զարգացած չէ։

Այդուհանդերձ, պետք է նկատի ունենալ, որ առկա  տարբեր ֆինանսական ինստիտուտների զարգացումը լրացուցիչ ազդակներ կհաղորդի մեր ֆինանսական համակարգի կայունությանը և տնտեսության բարգավաճմանը։

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ նախորդ տարվա համեմատ 2022թ-ին և 2023թ-ի երրորդ եռամսյակում դիտվել են անկումներ։ Մասնավորապես, 2022թ-ին Ֆոնդային բորսայում ցուցակված (լիստինգ անցած) կազմակերպությունների քանակը նվազել է մեկով՝ կազմելով 28 միավոր։ Չնայած նրան, որ 2022թ-ին 2021թ-ի համեմատ ֆոնդային բորսայում կատարված գործարքների ընդհանուր քանակն աճել է 64%-ով՝ կազմելով 7,733 միավոր, այնուամենայնիվ, 2021թ․-ի համեմատ 2022թ․-ին կատարված գոր­ծարքների ընդհանուր ծավալը կրճատվել է մոտ 2 անգամ՝ կազմելով ընդամենը ֏242 մլրդ։


«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում


Իրավիճակը մի փոքր այլ է եռամսյակային կտրվածքով։ Այսպես, 2023թ-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ Ֆոնդային բորսայում ցուցակված (լիստինգ անցած) կազմակերպությունների քանակը նվազել է 2-ով՝ կազմելով 24 միավոր։

2023թ-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ֆոնդային բորսայում կատարված գործարքների ընդհանուր քանակը նվազել է 24%-ով՝ կազմելով 1,559 միավոր, իսկ Ֆոնդային բորսայում կատարված գոր­ծարքների ընդհանուր ծավալն աճել է 5%-ով՝ կազմելով մոտ ֏59 մլրդ։

Այս ծավալների կառուցվածքին կարելի է ծանոթանալ ստորև ներկայացված գծապատկերում․

Գործարքների ծավալների 63,5%-ը պատկանում է պետական պարտատոմսերին։ Վերջիններիս մասով իրականացված գործարքների ծավալները 2023թ-ի երրորդ եռամսյակում 2022թ-ի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 80%-ով։ Իրականացված գործարքների ծավալներում 20% և 15,4% մասնաբաժիններ ունեն համապատասխանաբար ռեպո համաձայնագրերը և կորպորատիվ պարտատոմսերը։

Նկատենք, որ  2023թ-ի երրորդ եռամսյակում 2022թ-ի երրորդ եռամսյակի համեմատ ռեպո համաձայնագրերի և կորպորատիվ պարտատոմսերով  գործարքների ծավալները նվազել են  համապատասխանաբար 27%-ով և 52%-ով։

Գործարքների ծավալներում ամենափոքր մասնաբաժինն ունեն բաժնետոմսերով իրականացված գործարքների ծավալները՝ 1,1%։ Վերջինիս մասով իրականացված գործարքների ծավալներն աճել են մոտ 3 անգամ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով