Բանակում չծառայելու համար հետախուզման մեջ է ավելի քան 10 հազար քաղաքացի. պատգամավոր

5 Min Read

Խորհրդարանը նախօրեին քննարկում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, պատգամավոր Հայկ Սարգսյանը նախ ներկայացրել է առկա վիճակը և խնդիրները, այնուհետև՝ իր առաջարկած լուծումները:

Գործող կարգավորումներով՝ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները ենթակա են դատապարտման: Նրանք որևէ տարբերակով չեն կարող ազատվել քրեական հետապնդումից, մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող ծառայել, քանի որ համարվում են զինվորական ծառայության սահմանային տարիքն անցած:

Առաջարկվող նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ՝ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվելով քրական պատասխանատվությունից:

Մասնավորապես.

Նախագծով 27-37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝

1) զինվորական ծառայություն անցնել  24 ամիս ժամկետով.

2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ.

3) զինվորական ծառայություն անցնել  6  ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել հինգ միլիոն դրամ.

4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել տասը միլիոն դրամ.

5) զինվորական ծառայության փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն դրամ:

Բացի դրանից՝ գործող իրավակարգավորումների համաձայն, ՀՀ-ում ծնված կամ մինչև 27 տարին լրանալը ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք ենթակա են 2 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայության, իսկ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք այդպիսի պարտականություն չունեն, ինչն էական անհավասարություն է առաջացնում հիշյալ երկու խումբի ՀՀ քաղաքացիների միջև՝ վերջիններիս համապատասխան պարտականությունները հավասարակշռելու առումով:

Նախագծի փաթեթի ընդունման դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա կլինեն նաև 27 տարին լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած արական սեռի քաղաքացիները: Ընդ որում՝ նրանք կարող են 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնել ՀՀ զինված ուժերում կամ ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ և ազատվել զինվորական ծառայությունից:

Հայկ Սարգսյանի խոսքով՝ այսօր բանակում չծառայելու համար հետախուզման մեջ է գտնվում ավելի քան 10 հազար քաղաքացի, որոնցից շուրջ 5000-ը 27 տարին լրացած են և ցանկության դեպքում անգամ չեն կարող ծառայել:

«Ես չեմ ցանկանում, որ մենք երբևէ նորից անենք համաներում այս անձանց պատասխանատվությունից ազատելու համար, բայց և չեմ ցանկանում 5000 քաղաքացիներին դատապարտել 5 տարվա ազատազրկման, քանի որ դրանից մեր երկիրը ոչ միայն չի շահի, այլև մենք նրանց հայտնաբերելու, դատապարտելու և կալանքի մեջ պահելու համար մեծ գումարներ կծախսենք: Այստեղից է գալիս օրենսդրական նախաձեռնության իմաստը՝ այս անձանց տալ հնարավորություն՝ օգտակար լինելու իրենց պետությանը ծառայությամբ, կամ գումար վճարեն՝ պետության համար բեռ չդառնալու փոխարեն: Եթե 27 տարին լրացած քաղաքացիներին չընձեռվի նախագծով առաջարկվող հնարավորությունը, ապա գործող կարգավորումներով նրանք չեն վերադառնա հայրենիք մինչև 37 տարեկանը լրանալը, քանի որ 37 տարեկանում քաղաքացին ազատվում է քրեական հետապնդումից վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, սակայն հասկանալի հիմքով նրանցից քչերի մոտ պահպանված կլինի հայրենիք վերադանալու ցանկությունը, իսկ վերադարձողները և՛ չեն ծառայի, և՛ գումար չեն վճարի»,- պարզաբանել է պատգամավորը:

Նախագծով առաջարկվող կարգավորումների կիրառմամբ ակնկալվում են հետևյալ հիմնական արդյունքները՝

1) բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք.

2) ՀՀ զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, նրանք սահմանված կարգով ծառայության կանցնեն ՀՀ զինված ուժերում, կտան զինվորական երդում, իսկ ծառայությունից արձակվելուց հետո  կհաշվառվեն պահեստազորում.

3) լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն պետբյուջե.

4) կխնայվեն 27 տարին լրացած, զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հայտնաբերելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, դատապարտելու, անազատության մեջ նրանց պահելու համար ծախսվող ֆինանսական և նյութական միջոցները.

5) որոշակի չափով կթոթափվի ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության, դատարանների,  պրոբացիայի ծառայության և իրավասու մյուս մարմինների համապատասխան գործառութային  ծանրաբեռնվածությունը.

6) բազմաթիվ երիտասարդներ՝ շատերն ընտանիքներով, կվերադառնան հայրենիք մշտական բնակության՝ իրենց հետ բերելով օտարերկրյա պետություներում  կուտակած ֆինանսական միջոցները, որոնց հաշվին կկատարվեն ներդրումներ, կներգրավվեն աշխատանքում, ինչպես նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր.

7) այն երիտասարդները, ովքեր չեն տեղափոխվի ՀՀ մշտական բնակության, առնվազն՝ որպես զբոսաշրջիկ, հաճախակի անխոչընդոտ կայցելեն հայրենիք.

8) կամրապնդվեն ու կխորանան Սփյուռքի և Հայաստանի միջև առկա բազմաբնույթ կապերը և այլն:

Նախագծով Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասից հետո առաջարկվող մյուս՝ 1.2-րդ լրացումով կարգավորումը հնարավորություն է տալիս շտկելու մի կողմից՝ ՀՀ-ում ծնված կամ մինչև 27 տարին լրանալը ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց և մյուս կողմից՝ 27 տարեկանից հետո ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց միջև առկա անհավասարությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ գործող իրավակարգավորումների համաձայն՝ ՀՀ-ում ծնված կամ մինչև 27 տարին լրանալը ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք պարտավոր են անցնելու 2 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն, իսկ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք այդպիսի պարտավորություն չունեն:

Կիսվեք այս հոդվածով