Չնայած այն հանգամանքին, որ աշխարհը հետզհետե անցում է կատարում բազմաբևեռ աշխարհակարգին՝ դեռևս իրենց ամուր ֆինանսական ազդեցությունն ունեն այնպիսի հզոր տերություններ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ճապոնիան և Մեծ Բրիտանիան։ Այս երկրների տնտեսությունը նկարագրող առանցքային ցուցանիշների նույնիսկ աննշան փոփոխությունը հանգեցնում է գլոբալ մակարդակով բազմաթիվ տնտեսությունների վարքագծի փոփոխությանը։
Այս առումով Արևմուտքի տնտեսությունները շատ զգայուն են գլխավոր տոկոսադրույքների փոփոխությանը։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2022թ-ից ի վեր ԱՄՆ-ում, ԵՄ-ում և Մեծ բրիտանիայում գլխավոր տոկոսադրույքները բարձրացվել են նվազագույնը 4 տոկոսային կետով։
Գլխավոր տոկոսադրույքների փոփոխությունների հետագա ընթացքը փորձել են կանխատեսել ԱՄՀ-ի վերլուծաբանները․
Ինչպես ցույց են տալիս Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները, 2023թ․-ի չորրորդ եռամսյակում ԱՄՆ-ում գլխավոր տոկոսադրույքների աճը հասնելու է իր առավելագույն մակարդակին՝ 5,4%,։ Այս մակարդակում տոկոսադրույքը մնալու է 2024թ-ի առաջին և երկրորդ եռամսյակներում։
Մեծ Բրիտանիայում գլխավոր տոկոսադրույքը կշարունակի աճել 2024թ-ի առաջին եռամսյակում հասնելով իր առավելագույն՝ 6%, մակարդակին, այնուհետև սպասվում է նվազում։
ԵՄ-ում 2023թ-ի 4-րդ և 2024թ-ի առաջին եռամսյակներում գլխավոր տոկոսադրույքները կհասնեն իրենց առավելագույն մակարդակին՝ 3,9%, այնուհետև կդիտվի անկում։
Ամենահետաքրքիր պատկերը ձևավորվել է Ճապոնիայում։ Այս երկրում գլխավոր տոկոսադրույքների բացասական և զրոյին մոտ արժեքները կպահպանվեն 2023թ-ի 4-րդ, 2024թ-ի առաջին և երկրորդ եռամսյակներում։ Ավելի հեռուն գնալով՝ կանխատեսումներ են արվում, որ Ճապոնիայի տոկոսադրույքները կմտնեն զրոյին մոտ, բայց դրական դաշտ միայն 2026թ-ի առաջին եռամսյակից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում