2024թ․-ի սեպտեմբերի 1-ից ՀՀ տաքսիների ոլորտում տեղի են ունենալու շոշափելի փոփոխություններ։ Վերջերս ԱԺ-ն օրենք ընդունեց, որի համաձայն օնլայն տաքսիներով երթևեկությունը կհարկվի, իսկ նման հարթակներում չգրանցված տաքսիների գործունեությունը կարգելվի: Օրենքը ուժի մեջ է մտնելու 2024թ․-ի սեպտեմբերի 1-ից։
Անշուշտ, օրենքն ունի իր բացասական և դրական կողմերը։ Օրենքի բացասական կողմերից է ոլորտում հնարավոր մրցակցության դաշտի նեղացումը, տաքսի ծառայություններ մատուցող անհատների՝ պոտենցիալ գործազուրկների շարքերը համալրելու հավանականությունը։ Մյուս բացասական կողմը տաքսի ծառայությունների գների աճն է, ինչն անհարմարություններ կստեղծի մեր հայրենակիցների համար։
Տաքսի ծառայությունների քանակի հնարավոր կրճատումը կհանգեցնի նրան, որ մարդիկ ժամանակ կծախսեն տաքսիներին սպասելու համար։ Դրական կողմերից է այն, որ պետական բյուջեն կսկսի համալրվել նաև տաքսի ծառայություններ մատուցողների վճարած հարկերով։
Սակայն, հարկային ճնշման հերթական ավելացումը երկարաժամկետում մեծ հարված կհասցնի ՀՀ տնտեսությանը։ Բացի այդ՝ հանրության շրջանում կավելանան բացասական տրամադրվածությունները, ինչը կառաջացնի նոր խնդիրներ։
ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված տվյալների համաձայն` 2023թ․-ի հունվար-հոկտեմբերին տաքսիներով ուղևորափոխադրումների ծավալները կազմել են մոտ 1,2 մլն մարդ։ Մասնավորապես, 2023թ-ի հոկտեմբերին տաքսիներից օգտվել է 99,300 մարդ։ Նկատենք, որ 2023թ-ի հունվար-հոկտեմբերին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ տաքսիներով ուղևորափոխադրումների ծավալները նվազել են 11,4%-ով։
Միայն 2023թ-ի հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ ուղևորափոխադրումների ծավալները կրճատվել են 21 %-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 8%-ով։Միևնույն ժամանակ Տաքսիներով և վարորդով վարձակալված մեքենաներով մարդատար տրանսպորտի ծառայությունների սակագները 2023թ. հոկտեմբերին 2022թ.-ի հոկտեմբերի համեմատ աճել են 3,2%-ով։
- Հավանականությունը մեծ է, որ վերոնշյալ վիճակագրության ցուցանիշներն էլ ավելի են վատթարանալու 2024թ-ի սեպտեմբերից հետո։ Սակայն, ժամանակի ընթացքում տնտեսության մասնակիցների հարմարվողականության շնորհիվ իրավիճակը կկայունանա շատ ավելի բարձր գների վրա, տաքսի ծառայություն մատուող բազմաթիվ անհատներ էլ կհայտնվեն գործազուրկի կարգավիճակում։