Երևանի քաղաքապետարանից հայտնում են. «Քանաքեռ-Զեյթունի գերեզմանատան սկզբնամասն ամիսներ առաջ անխնամ տարածք էր, որն այժմ ամբողջությամբ բարեկարգ է:
«Բնակչության հատուկ սպասարկում» կազմակերպության նախաձեռնությամբ վերջին մեկուկես տարում համայնքային գերեզմանատներում մաքրման ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել:
«Քանաքեռ-Զեյթուն գերեզմանատան դիմացի տարածքում քաղաքացիների հետ համատեղ բարեկարգվել է, պարսպապատվել և հենապատերով ամրացվել: Մի քանի գերեզմանատներում կատարվել են ասֆալտապատման աշխատանքները»,- ասել է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Նազարյանը:
Երևանի «Արին Բերդ» գերեզմանատան շուրջ 181 հեկտարից ազատ է մոտ 45 հեկտարը: Հուղարկավորության համար տեղը հատկացվում է անվճար, բայց, այսպես ասած՝ «ով, որտեղ ու ինչքան քմ տարածք ցանկանա վերցնել» չի կարող:
«Գերեզմանատեղիները տրամադրվում են օրենքով սահմանված չափերով՝ ընտանիքի անդամների թվով պայմանավորված և անվճար հիմունքներով: Համաչափություն ապահովելու համար միջգերեզմանային հատվածներում պահպանում ենք 80 սմ, մեքենայի մոտենալու տարածքները՝ 5.5-6 մ, որպեսզի քաղաքացիները կարողանան հեշտությամբ մոտենալ գերեզմաններին»,- նշել է «Արին Բերդ» գերեզմանատան վարիչ Նիկոլայ Ավալյանը:
«Բնակչության հատուկ սպասարակում» ՀՈԱԿ-ն ամենօրյա հսկողություն է իրականացնում գերեզմանատներում՝ հնարավոր խախտումները բացառելու համար: Այդ նպատակով են ավելացել նաև մատուցվող վճարովի ծառայությունները: ՀՈԱԿ-ը պատրաստ է քաղաքացիներին աջակցել նաև շինարարական աշխատանքների իրականացման գործում:
«Ոլորտում առկա էին բազմաթիվ արատավոր երևույթներ, ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնող անձանց կողմից առաջարկվել են տարբեր ծառայություններ հուղարկավորությունը ստանձնող կամ գերեզմանն օգտագործողներին, որի պատճառով վերջիններս ըստ իրենց ցանկության, բարեկարգել են գերեզմաններն ավելի մեծ չափերով, քան նախատեսված է: ՀՈԱԿ-ը այդպիսի արատավոր երևույթների դեմ պայքարելու համար հանդես է եկել առաջարկով՝ մեծացնել վճարովի ծառայությունների ցանկը և իրականացնել նաև շինարարական աշխատանքներ»,-նշել է ՀՈԱԿԻ իրավաբան Եվա Վարդանյանը:
«Մենք նաև քաղաքապետարան առաջարկ ենք ներկայացրել, ըստ որի՝ կոռուպցիայի վտանգներից զերծ մնալու համար քաղաքացիներին առաջարկել նաև արդեն բետոնապատված տարածքներ: Իսկ գումարներն էլ կուղղվեն համայնքային բյուջե»,- ընդգծել է ՀՈԱԿ-ի տնօրենը:
Երևանի համայնքային գերեզմանատները բացվել են 1924 թվականին, մինչդեռ արխիվը սկսում է 1986-ից: Գերեզմանատների հին հատվածում հուղարկավորություններ այլևս չեն թույլատրվում: Ասում են՝ առաջին հայացքից թվացյալ ազատ տարածքներում, կարող են լինել հուղարկավորություններ, որոնք ժամանակին չեն սահմանազատվել, իսկ հողաթումբն էլ հավասարվել է հողին:
Ոլորտում տարիների ընթացքում կուտակված խնդիրները համայնքը փուլ առ փուլ մտադիր է լուծել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում