ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության համակարգում ավելի քան 2000 ծառայող կա, որոնցից մոտ 18%-ը ստուգարք չի հանձնել։ Այս մասին «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը ԱԺ հերթական նիստում ներկայացնելիս ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը։
Նախագծով նախատեսվում է 2 անգամ վերապատրաստման և հատուկ գիտելիքների պատրաստման դասընթաց չանցնելու և ստուգարք չհանձնելու դեպքում նոր իրավական հիմք ավելացնել ծառայությունից ազատելու համար։
Փոխնախարարը շեշտել է, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայում չկա կարգավորում, համաձայն որի` համակարգի ծառայողը պարտավորված լինի մասնակցել այդ դասընթացներին, դրանից հետո էլ ստուգարք հանձնել։
Պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվել է, թե ինչ վիճակագրություն կա, որ համակարգի ծառայողները չեն ներկայանում դասընթացներին կամ չեն հանձնում ստուգարքները, որպեսզի հասկանան, թե ինչի համար են քվեարկում։
«Համակարգում շուրջ 2050 ծառայող կա։ Մենք արձանագրել ենք, որ դասընթացների մասնակից ծառայողներից մոտ 18%-ը ստուգարք չի հանձնել։ Ավելի ուշ են ներկայացել ու հանձնել դրանք։ Մեր կարծիքով` անհրաժեշտ է իրավական կարգավորում նախատեսել, որպեսզի նրանք նախատեսված ժամանակահատվածում անպայման մասնակցեն դասընթացներին և հանձնեն ստուգարքները»,– ասել է Բալյանը։