Նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Ռաֆայել Գևորգյանը, Նարեկ Տերյանը, Անի Իսպիրյանը և Աշխեն Շիրվանյանը, այլ պաշտոնատար անձինք։
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, խթանել մրցունակությունը և բարելավել երկրի տնտեսական կառավարումը՝ կառավարության և մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցության միջոցով: Ծրագիրն իրականացնում է «Cultivating New Frontiers for Agriculture» (CNFA) կազմակերպությունը: Հնգամյա այս ծրագրի բյուջեն կազմում է 24.5 մլն ԱՄՆ դոլար։
«Այսօր ԱՄՆ ՄԶԳ-ի հետ պաշտոնապես մեկնարկող ծրագրով նպատակ ունենք իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեն թե՛ մասնավոր, թե՛ պետական կառավարման համակարգի դիմացկունության բարձրացմանը և տնտեսական աճի ապահովմանը», – նշել է Վահան Քերոբյանը։
Միջոցառման ընթացքում ստորագրվել են մտադրությունների հուշագրեր ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև Ծրագրի և «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի միջև:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում