Հայաստանի և Հնդկաստանի մաքսային ծառայությունները փոխադարձ օգնության մասին համաձայնագիր կվավերացնեն. նախագիծ

1 Min Read

2023 թվականի հունիսի 23-ին Բրյուսելում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիր, որով հիմքեր են ստեղծվում Հայաստանի և Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման ու ամրապնդման համար:

Այս մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը Ազգային ժողովի նիստին ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը:

Ըստ Մուրադյանի՝ փաստաթղթով նախատեսվում են մաքսային հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերում և այդ նպատակով տեղեկատվության փոխանակում: Համաձայնագրի կիրառումը կարևոր կլինի նաև հետբացթողումային հսկողության շրջանակում իրականացվող հարցումների իրավական հիմքերն ապահովելու համար:

«Համաձայնագրի կիրառմամբ կհաստատվի ուղղակի կապ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև, ինչն էլ իր դրական ազդեցություն կունենա Հնդկաստանից ՀՀ ներմուծման և ՀՀ-ից Հնդկաստան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ և օպերատիվ լուծումների վրա»,- ասել է Աշոտ Մուրադյանը:

Հարակից զեկուցող Բաբկեն Թունյանը հույս է հայտնել, որ համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճին:

Share This Article