Սնանկության վարույթը՝ սկսած դրա հարուցումից մինչև ավարտը, էլեկտրոնային եղանակով կիրականացվի: Այս մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի նիստին ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:
Ըստ նախարարի տեղակալի՝ «Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությամբ է նախատեսված մշակել, ներդնել, գործարկել էլեկտրոնային դատարան, և այս համատեքստում այժմ կներդրվի դատական գործերի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի՝ սնանկության գործերով էլեկտրոնային մոդուլը:
«Էլեկտրոնային սնանկության համակարգի ներդրումը պահանջում է դրան համապատասխան օրենսդրության առկայություն, որը հնարավորություն կտա սնանկության վարույթը՝ սկսած դրա հարուցումից մինչև ավարտը, հնարավորինս իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ առանց լրացուցիչ փաստաթղթաշրջանառության և առավելագույնս բացառելով մարդկային միջամտությունը»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրումը բխում է միջազգային չափանիշների պահանջներից:
Նախագծով հստակեցվում է նաև սնանկության դիմումին կից փաստաթղթերի ցանկը, որը դիմողը պարտավոր է ներկայացնել: Կսահմանվի նաև ժամանակավոր կառավարչի համար ռացիոնալ վճար: Օրինակ՝ ներկայիս սնանկության ժամանակավոր կառավարիչները, ըստ նախարարի տեղակալի, կարճ ժամանակահատվածի համար և քիչ գործողություններ կատարելով, ստանում են բավականաչափ աշխատավարձ, իսկ նախագծով սահմանվում է ռացիոնալ վճար:
«Այսպիսով` ամեն ինչ տեղի է ունենալու էլեկտրոնային եղանակով, և մարդկային շփումը հասցվել է մինիմումի»,- ասել է Մկրտչյանը:
Հարակից զեկուցող Լիլիթ Մինասյանը հիշեցրել է, որ էլեկտրոնային ռազմավարությունը վաղուց է ընդունվել, և նախագծով առաջարկվում է էլեկտրոնային արդարադատության մի մասի՝ սնանկության գործերով վարույթներ հարուցելու գործընթացի թվայնացում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում