Երևանում ավելի քան 7.5 տոննա ժամկետանց սննդամթերք է ոչնչացվել

2 Min Read

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի սուպերմարկետներից մեկում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել մի քանի բաժիններում:

Ստուգվում են պարենային և ոչ պարենային ապրանքների պիտանելիության ժամկետներն ու պահպանելու պայմանները: Վաճառքի ենթակա չեն նաև այն ապրանքները, որոնց վրա չկա կամ անընթեռնելի է ժամկետը:

«Երևանի քաղաքապետարանը լրազորված է  առևտրի և ծառայությունների մասին օրենքով հսկել առևտրի օբյեկտները, որպեսզի պաշտպանի սպառողների իրավունքները: Հայտնաբերված ապրանքների փաստի առթիվ կազմվում է  վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և վաճառողը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ 100-200 հազար դրամ տուգանքի»,-նշել է Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Երևանի քաղաքապետարանն ստուգումներ է անում ինչպես ցանցային խոշոր սուպերմարկետներում, այնպես էլ փոքր ու միջին խանութներում: Տարեսկզբից մինչ օրս 50 արձանագրություն է կազմվել: Խախտումների մասին տեղեկատվությունն անմիջապես ուղարկում է  սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:

«Օրենսդրությամբ սահմանված է, որ ժամկետանց ապրանքը արդեն իսկ վտանգավոր է: Վտանգավոր է նաև այն սննդամթերքը, որը չունի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր և որի լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ այն վտանգավոր է: Իսկ վտանգավոր սննդամթերքը ենթակա է շուկայից հետ կանչման և ոչնչացման»,- ասել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանը:

2023թ. այս ամիսների ընթացքում Երևանում ավելի քան 7.5 տոննա ժամկետանց սննդամթերք է ոչնչացվել:

Լինում են նաև դեպքեր, երբ մի քանի ժամ ստուգումից հետո որևէ խախտում չի հայտնաբերվում, ինչն էլ քաղաքային իշխանությունը համարում է իր աշխատանքի ամենակարևոր արդյունքը:

«Եղել է անգամ դեպք, երբ տնտեսվարողը, իմանալով, որ ապրանքը ժամկետանց է, իրացրել է այն ավելի ցածր գնով՝ պատճառաբանելով, թե գնորդն ինքն է որոշում՝ գնե˚լ, թե˚ ոչ: Սպառողի իրավունքն է՝ պահանջել, որ ցանկացած պահի ներկայացնեն տվյալ արտադրանքի պիտանելիության ժամկետի վերաբերյալ տեղեկատվություն»,- նշել է  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանը:

Ժամկետանց սնունդը ոչ միայն արգելվում է վաճառել, այլև վտանգում է մարդկանց առողջությունը:

Ստուգայցերի ընթացքում տնտեսվարողները զգուշացվում են: Վաճառողները պարտադիր պետք է ունենան  բուժզննության գրքույկներ և լինեն համապատասխան արտահագուստով: Ստուգայցերը շարունակական են:

Share This Article