Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից զինծառայողների հիփոթեքային վարկի կանխավճարի տրամադրման և դրա տոկոսների սուբսիդավորման ծրագրի համար 2022-2023 թվականին հայտ ներկայացրած բոլոր զինծառայողներին հնարավորություն է ընձեռվել օգտվել դրանից։
Այս մասին կառավարության նիստում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով գերատեսչությանը հատկացված միջոցներում վերաբաշխում կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով գումարներ կուղղվեն «Պաշտպանության ապահովում» ծրագրի «Ռազմական կարիքների բավարարում» միջոցառման շրջանակներում զինծառայողների արտոնյալ և երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով պետական սուբսիդավորումների ֆինանսավորմանը։
«Վերաբաշխվող ընդհանուր գումարը կազմում է 760 միլիոն դրամ։ Այն իրականացվում է 2023 թվականին Պաշտպանության նախարարության խնայողությունների հաշվին»,-ընդգծել է Պապիկյանը։
Նախարարը հիշեցրել է, որ 2023-ին առաջարկվել էր պետության կողմից վարկի կանխավճարը սահմանել հաստատուն թվով՝ 2.5 մլն դրամ, իսկ նախկինում վարկի 10 տոկոսի չափով էր: Վարկի տոկոսների սուբսիդավորումը սահմանվել էր 5 տոկոսի չափով, իսկ նախկինում 3 տոկոսի չափով էր:
«Կառավարության որոշմամբ սահմանված է տարեկան 500 զինծառայողի ծրագրից օգտվել, բայց որպես օրինակ նշեմ, որ հայտ ներկայացրած 1111 զինծառայողներին Կառավարության որոշմամբ այդ հնարավորությունը ընձեռել ենք»,- ասել է Պապիկյանը:
Ըստ Պապիկյանի՝ 2020 թվականին այս ծրագրով բնակարան է ձեռք բերել 223 զինծառայող, 2021-ին՝ 249, 2022-ին՝ 558 զինծառայող: Այս պահին ծրագրից օգտվել է շուրջ 1030 զինծառայող, որի մեջ չի մտնում 2023 թվականը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում