Հնդկաստանի ամենահարուստ մարդը իր կանխատեսումն է արել տնտեսական աճի վերաբերյալ

2 Min Read

Հնդկաստանի տնտեսությունը մինչև 2047 թվականը կաճի մինչև 40 տրիլիոն դոլար՝ ներկայիս 3.5 տրիլիոնի դոլարից: Այս կանխատեսումն է արել Հնդկաստանի ամենահարուստ մարդը՝ Reliance Industries-ի ղեկավար Մուկեշ Ամբանին, ով իր 92.8 մլրդ դոլար կարողությամբ Forbes-ի վարկանիշային աղյուսակում 15-րդ տեղն է աշխարհում:

Նա կարծում է, որ Հնդկաստանի էներգետիկ կարիքները կկրկնապատկվեն, ուստի երկրին անհրաժեշտ կլինի ահռելի քանակությամբ կանաչ էներգիա, որը չի վնասի մայր բնությունը-,գրում է РБК-ն՝ հղում անելով՝ Hindustan Times-ին։

Ամբանին կարծում է, որ էներգետիկ անցումը ամենակարևոր գործոնն է Հնդկաստանը կանաչ, կայուն և առաջատար դարձնելու համար:

«Հնդկաստան այսօր այնքան վստահորեն առաջ է գնում, որ 21-րդ դարն իսկապես կլինի Հնդկաստանի դարը»,- ասել է նա:

1.4 մլրդ բնակչությամբ Հնդկաստանը աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն է և ըստ Համաշխարհային բանկի՝ մինչև 2047 թվականը կարող է հասնել բարձր եկամուտների: Վերջին երկու տասնամյակներին Հնդկաստանը զգալի առաջընթաց է գրանցել ծայրահեղ աղքատության կրճատման գործում:

Նշվում է, որ 2011-ից 2019 թվականներին երկիրը կրկնակի կրճատել է ծայրահեղ աղքատության մեջ ապրող իր բնակչության մասնաբաժինը (օրական 2.15 դոլարից պակաս մեկ անձի համար): Այնուամենայնիվ, աղքատության կրճատման տեմպերը դանդաղել են վերջին տարիներին, հատկապես COVID-19 համաճարակի ժամանակ:

Ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկի կանխատեսման համաձայն՝ Հնդկաստանի տնտեսությունը մինչև 2075 թվականը կդառնա աշխարհում 2-դը։

Բանկը կանխատեսում է, որ Չինաստանի տնտեսությունը 52 տարում կկազմի 57 տրիլիոն դոլար, Հնդկաստանինը` 52.5 տրիլիոն դոլար, իսկ ԱՄՆ-ը` 51.5 տրիլիոն դոլար:

 

Կիսվեք այս հոդվածով