Հայաստանի Հանրապետությունում շուրջ 4000 ուսուցիչ բարձրացված աշխատավարձ է ստանում։
Այս մասին կառավարության անդամների ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով հարցին, թե քանի ուսուցիչ է 400 000 դրամ աշխատավարձ ստանում։
«Արդեն իսկ շուրջ 4000 ուսուցիչ բարձրացված աշխատավարձ են ստանում, և սա ներառում է 200 000 դրույքաչափը, 30-50 տոկոս հավելավճարը կամավոր ատեստավորման համար։ Մենք ունենք բազմաթիվ ուսուցիչներ, որոնք նաև տարակարգ ունեն, և նրանք նաև դրան հավելում ստանում են մինչև 50 տոկոս հավելավճար։ Ունենք ուսուցիչներ, որոնք բնագիտական առարկաներ են դասավանդում։ Նրանք 25 տոկոս հավելավճար են ստանում անկախ ատեստավորումից»,– նշել է նա։
Նա ընդգծել է, որ գյուղական փոքր դպրոցների բոլոր առարկաների ուսուցիչները ստանում են մինչև 50 տոկոս հավելավճար։ Նախարարը կոչ է արել բոլորին գնալ գյուղեր, այցելել մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներ և հետաքրքրվել` արդյոք իր հայտնած տվյալները ճիշտ են, թե ոչ։