Ապադոլարացման մասին խոսակցությունները հատկապես ակտիվացան ռուս-ուկրաինական ճգնաժամից հետո։ Ռուսաստանը և Չինաստանը ակտիվորեն փորձում են դոլարը շրջանառությունից հանել։ Այդ նպատակով երկկողմանի և բազմակողմանի առևտրատնտեսական կապերում դրամական փոխանցումները կատարում են ազգային արժույթով։
Չնայած այս նկրտումներին՝ այսպես կոչված դեդոլարիզացիան, եթե դա առհասարակ հնարավոր է, կպահանջի մեծ ջանքեր և չափազանց երկար ժամանակ։ Օրինակ՝ Արգենտինայի նախագահական ընտրություններից հետո երկիրը կարող է ամբողջությամբ անցնել դոլարիզացման։ Արգենտինան փոքր տնտեսություն չէ, որ հնարավոր լինի աչք փակել այս հանգամանքի վրա։ Մյուս կողմից, աշխարհի տարբեր երկրներում արդեն իսկ որպես արժույթ օգտագործվում է ԱՄՆ դոլարը։
Չնայած ՌԴ կողմից հայտարարված ապադոլարացման արշավին՝ ԵՏՄ երկրներում դոլարի շրջանառությունից որևէ մեկը չի պատրաստվում հրաժարվել։
Ուսումնասիրենք դոլարիզացիայի մակարդակը մեր հանրապետությունում․
ՀՀ կենտրոնական բանկի կողմից կատարված հաշվարկներում դոլարիզացիայի մակարդակը նկարագրող ցուցանիշները 5-ն են՝
- D1-ը ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունն է փողի զանգվածին։
- D2-ը ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունն է ռեզիդենտների ընդհանուր ավանդներին և փոխառություններին։
- D3-ը ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների և փոխառությունների կշիռն է ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում և փոխառություններում։
- D4-ը ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների և փոխառությունների կշիռն է ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում և փոխառություններում։
- D5-ը ռեզիդենտներին արտարժույթով տրամադրված վարկերի հարաբերակցությունն է ընդհանուր վարկերին։
Բոլոր ցուցանիշները, ինչպես նշվում է ՀՀ ԿԲ կայքում, հաշվարկված են ՀՀ ԿԲ, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ցուցանիշների հիման վրա։
Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մինչև 2023 թվականի վերջ կհասնի 8200 դոլարի. Քերոբյան
Վիճակագրական տվյալները մենք ներկայացրել ենք դինամիկայի տեսքով և նկատում ենք, որ ցուցանիշների տատանումները շատ մեծ չեն։
Մասնավորապես, 2023թ․-ի հոկտեմբերին D1 ցուցանիշի մակարդակը կազմել է 35,7%: Վերջինս նախորդ ամսվա համեմատ աճել է 0,4 տոկոսային կետով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 0,9 տոկոսային կետով։
2023թ․-ի հոկտեմբերին D2 ցուցանիշի մակարդակը կազմել է 41,9%: Վերջինս նախորդ ամսվա համեմատ աճել է 0,4 տոկոսային կետով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 1,3 տոկոսային կետով։
D3 ցուցանիշի մակարդակը 2023թ․-ի հոկտեմբերին կազմել է 53,3%: Վերջինս թե՛ նախորդ ամսվա, թե՛ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է համապատասխանաբար 0,7 տոկոսային կետով և 0,3 տոկոսային կետով։
2023թ․-ի հոկտեմբերին D4 ցուցանիշի մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0,7 տոկոսային կետով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 3 տոկոսային կետով՝ հաստատվելով 47,9% մակարդակում։
D5 ցուցանիշի դեպքում 2023թ-ի հոկտեմբերին ունենք 33,6% մակարդակ, որը նախորդ ամսվա համեմատ աճել է 0,1 տոկոսային կետով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 1,7 տոկոսային կետով։
- Ամփոփելով վերը բերված ցուցանիշները` կարող ենք փաստել, որ Հայաստանում տնտեսությունը դեռևս գերդոլարիզացված չէ։ Դեռևս դոլարիզացման աստիճանի շոշափելի փոփոխություն պետք չէ սպասել նաև ապագայում։