ՀՐԴԵՀ «ՍՈՒՐՄԱԼՈՒ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

2 Min Read

Օգոստոսի 14-ին Երևանում արձանագրվել է նախադեպը չունեցող տեխնածին արտակարգ դեպք։ Երևանցիների շրջանում հայտնի «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհ էր բռնկվել, որն ուղեկցվել է մի քանի պայթյուններով։ Արդյունքում մեծ թվով մարդիկ տեղափոխվել են բժշկական կենտրոններ, կան զոհեր անհայտ կորածներ։
Տարբեր վարկածներ են առաջ քաշվում։ Որոշ աղբյուրներ հայտնում են, որ օրեր առաջ զգուշացում է եղել պատկան մարմինների կողմից, որ անվտանգության պահանջները պահպանված չեն։ Մյուս վարկածով՝ հերդեհի հիմքում կարող են լինել խոշոր բիզնեսի շահերը, որի նպատակն է ձեռք բերել ներկայիս «Սուլմալուի» տարածքը  և կառուցել էլիտար թաղամաս։ Այս վարկածին ի պաշտպանություն՝ նշվում է որոշ բիզնես շրջանակների հետաքրքրվածությունը, հրշեջների ոչ արագ աշխատանքը և այլն։ Այս դեպքը պետք է մանրամասնորեն հետաքննվի՝ հանրությանը տալով սպառիչ պատասխաններ։

Որևէ պետություն ապահովագրված չէ նման աղետներից։ Հետաքրքիր վիճակագրություն է առկա 2022 թ․-ի առաջին կիսամյակում՝ ՀՀ-ում արձանագրված արտակարգ դեպքերի մասով․

Գծապատկեր 1․ ՀՀ-ում գրանցված արտակարգ դեպքերի կառուցվածքը 2022թ-ի առաջին կիսամյակում

ՎԿ տվյալների համաձայն՝ ՀՀ-ում 2022 թ-ի առաջին կիսամյակում արձանագրվել է 5,970 արտակարգ դեպք։ Գծապատկեր 1-ից տեղեկանում ենք, որ արձանագրված արտակարգ դեպքերի 70%-ը տեխնածին են, 22%-ը և 8%-ը, համապատասխանաբար, սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքերն են և տարերային վտանգավոր երևույթները։

Տեխնածին արտակարգ դեպքերի աշխարհագրությունն ունեցել է հետևյալ պատկերը

Գծապատկեր 2 ՀՀ-ում գրանցված տեխնածին արտակարգ դեպքերի աշխարհագրությունը 2022թ-ի առաջին կիսամյակում

Պարզվում է՝ 2022 թ․-ի առաջին կիսամյակում արձանագրված տեխնածին արտակարգ դեպքերի 40%-ն արձանագրվել է Երևանում։ Վերջինիս հաջորդում է Արարատի մարզը՝ 12% և Կոտայքի մարզը՝ 9% մասնաբաժիններով։

Արձանագրված տեխնածին արտակարգ դեպքերի ընդհանուր թվաքանակը 2022 թ․-ի առաջին կիսամյակում կազմել է 4,201 դեպք, որի արդյունքում ունենք 163 զոհ և 2,731 վիրավոր։ Դիտարկենք տեխնածին արտակարգ դեպքերի կառուցվածքը՝ ըստ տեսակի․

Գծապատկեր 3 ՀՀ-ում գրանցված տեխնածին արտակարգ դեպքերի կառուցվածքը ըստ հիմնական տեսակների 2022թ-ի առաջին կիսամյակում

Գծապատկեր 3-ից նկատում ենք, որ բուսածածկ տարածքում արձանագրված հրդեհների մասնաբաժինը տեխնածին արտակարգ դեպքերի թվաքանակում կազմել է 17%։ Աղբի մշակման և ժամանակավոր կուտակման վայրերում, բնակելի շենքերում և շինություններում, տրանսպորտում և էներգամատակարարման համակարգերում արձանագրված հրդեհների մասնաբաժինը կազմել է համապատասխանաբար 10%, 8%, 4% և 3%։

Կիսվեք այս հոդվածով