Ռելոկանտները բողոքում են ՀՀ-ում կյանքի թանկացումից. Որ ապրանքատեսակներն ու ծառայություններն են գրանցել առավելագույն աճ

3 Min Read

Մենք պարբերաբար անդրադարձ ենք կատարում հանրապետությունում գների մակարդակին։ Վերլուծում ենք յուրաքանչյուր ամսվա գների փոփոխությունը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Ամիսներ շարունակ արձանագրում ենք սպառողական գների անկում կամ զրոյական մակարդակ։

Անդրադառնանք նաև գների փոփոխությանը 2023թ-ի հունվար-սեպտեմբերին 2022թ-ի հունվար սեպտեմբերի համեմատ։ Օրինակ, ռուսական լրահոսում հաճախակի են դարձել  արձագանքները  ուկրաինական ճգնաժամից հետո ՀՀ-ում հաստատված ռուսների՝ ռելոկանտների կյանքի մասին։

Ռուսները բողոքում են հայաստանյան թանկացումներից։ Նրանք կարծում են, որ գրեթե ամեն ինչ թանկացել է՝ ծառայություններ, սննդամթերք, անշարժ գույք և այլն։ Նույնիսկ հավելում են, որ  բավարար կենսապայմաններ ապահովելու համար անհրաժեշտ է 3 հզր ԱՄՆ դոլարի կամ մոտ 1,2 մլն դրամի չափ գումար։

Միևնույն ժամանակ ակնարկ է արվում Հայաստանում ռուսների համար ենթակառուցվաքների ձևավորման մասին: Իհարկե, ռելոկանտների կյանքը Հայաստանում լուսաբանելը որևէ մեկին արգելված չէ, միայն թե ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման համատեքստում այդ ամենը մի փոքր այլ կերպ է ընկալվում։

Ինչևէ, վերադառնալով մեր սկսզբնական խնդրին՝ տեղեկացնենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2023թ-ի հունվար-սեպտեմբերին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ «սննդամթերք, խմիչք և ծխախոտ» խմբում գներն աճել են 1,7%-ով, ոչ պարենային ապրանքների գները՝ 2,2%-ով, և ծառայությունների սակագները՝ 5%-ով։

Գնանք առաջ, ուսումնասիրենք՝ վերոնշյալ յուրաքանչյուր խմբում ո՞ր ապրանքատեսակներն և ծառայություններն են գրանցել գների և սակագների առավելագույն աճ․

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2023թ-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրավաբանական ծառայությունների համար գանձվող վճարների սակագներն աճել են շուրջ 15,3%-ով։

Մարդատար տրանսպորտի սակագների աճը կազմել է 14,5%։ Հանգստի կազմակերպման սակագներն աճել են 13,3%-ով։

Գների աճ է դիտվել գրասենյակային պարագաների և մաքրող, լվացող միջոցների և բնակարանի խնամքի այլ պարագաների պարագայում համապատասխանաբար՝ 11%-ով և 10,8%-ով։

Ինչպես տեսնում ենք գների աճը վերոնշյալ բավականին կարևոր ապրանքատեսակների և ծառայությունների մասով ակնհայտ է։ Հավելենք նաև, որ 2023թ-ի ընթացքում գների բարձրացումներ են դիտվել վառելիքի շուկայում, ինչպես նաև անշարժ գույքի շուկայում։


Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված որոշ դրույթների փոփոխություններ


  • Ամփոփելով՝ նշենք, որ եթե ՀՀ-ում կյանքի թանկացումից բողոքում են ռուս ռելոկանտները, որոնք հսկայական գումարներ են ստանում արտերկրից և սեփական հայրենիքից, ապա Հայաստանի սովորական քաղաքացին, որի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 261,480 դրամ կամ 676 ԱՄՆ դոլար, ինչպե՞ս է կարողանում գոյատևել՝ տնտեսության այսպիսի «աճերի» և գների նման «անկումների» պայմաններում։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով