Խնձոր, ձուկ, ծաղիկ․․․հայկական որ ապրանքներն են խնդիր ունենում Լարսի անցակետում. ինչու է ապրանքը հետ ուղարկվում

3 Min Read

Վերջին մի քանի օրերի ընթացքում Լարսի անցակետից Հայաստան հետ են ուղարկել շուրջ 60-ից 70 բեռնատար։ Այս մասին Banksnews.am հետ զրույցում տեղեկացրեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Այսօր արդեն քննարկումներ ենեղել ՀՀ ՍԱՏՄ-ի ու ռուսական «Ռոսսելխոզնադզորը» հետ։ Հույս ունենք՝  կստացվի խնդիրը լուծել»,- նշեց Հակոբյանը։ 

Շուրջ 5 օր է, ինչ հայկական արտադրանքով բեռնված մեքենաները Լարսում խոչընդոտների են բախվում։ Դրանց մի մասին մերժում են և թույլ չեն տալիս անցնել սահմանը՝ պատճառաբանելով, որ վերահսկողության արդյունքում ֆիտոսանիտարական նորմերի խախտումներ են հայտնաբերվել, մի մասին էլ հայտնում են, որ ստուգումներ պետք է անցնեն։ 

«Լարսից հետ են դարձնում խնձորը, ձուկը, ծաղիկը, ֆիտոսանիտարական փորձաքննություն պահանջող բոլոր ապրանքները, բոլոր մեքենաները հետ են ուղարկում Հայաստան։ Անորոշ վիճակ է մարդկանց մոտ, չգիտեն՝ ինչ անեն։ Բեռը բարձել են, Հայաստանում կանգնած մեքենաներ կան, որ ռիսկ չեն անում շարժվեն դեպի Ռուսաստան»,- Banksnews.am հետ զրույցում նշեց բեռնափոխադրող ընկերության տնօրեն Ռաֆայել Համբարձումյանը։

Նրա խոսքով՝ մինչ այժմ նման բան չի եղել․

«Էնպիսի ապրանքների համար են ֆիտոսանիտարական թուղթ ուզում, որ մինչ այս չեն ուզել, ու ապրանքներ կան, որ Հայաստանում դրա փորձաքննությունը չի էլ արվում։ Լարսի աշխատակիցներին էլ հարց ես տալիս՝ ինչու թույլ չեք տալիս անցնենք, ասում են՝ Եվրոպա ավելի հեշտ կանցնեք, գնացեք»:

Պաշտոնական վիճակագրությամբ՝ Ռուսաստանի հետ երկկողմ առևտրաշրջանառությունը 2022-ին 5 միլիարդ դոլարի է հասել: Հայաստանից անցած տարի շուրջ 2.5 միլիարդ դոլարի ապրանք է արտահանվել: 2021-ի համեմատ այս թվերը գրեթե կրկնակի աճել են: Ռուսաստանն այս պահին Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերն է, իսկ Լարսը ցամաքային միակ ճանապարհը, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ:

Օրերս խնդրի առնչությամբ հաղորդագրություն էր տարածել նաև ՌԴ Ռոստեխնադզորը, որն էլ հենց որոշում է կայացնել հետ ուղարկել հայկական բեռնատարները։ 

«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, թե արձանագրել է «Հայաստանից վնասատուներով վարակված բուսաբուծական արտադրանքի մատակարարումների կտրուկ աճ և հայ գործընկերներին խնդրում է անհապաղ միջոցներ ձեռնարկել խախտումները կանխելու համար», փոխանցում է Ինտերֆաքսը։ 

Ծառայության տվյալներով՝ այս տարի հայկական ծաղկաբույսերի և պտուղ-բանջարեղենի մեջ վնասակար օրգանիզմների հայտնաբերման 72 դեպք է գրանցվել, իսկ նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ։ 

ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմինը վստահեցնում է․ քննարկումներ են իրականացնում խնդրի շուտափույթ լուծման համար․

«Անում ենք հնարավորը, կապի մեջ ենք մեր ռուսաստանյան գործընկերների հետ, փորձում ենք խնդիրը կարգավորել։ Տարբեր խնդիրներով են ապրանքը հետ ուղարկում, մենք փորձում ենք հասկանալ՝ արդյո՞ք խնդիրն իսկապես կան, թե չէ, ընթացքում առաջացած խնդիրներ են, թե ի սկզբանե եղել է։ Այդ բոլորը փորձ է կատարվում արագ կարգավորել։ գործընթաց է։ Ցանկացած բեռ, որը հետ է ուղարկվում, նորից ուսումնասիրում ենք, որպեսզի հասկանանք, թե այդ բեռի հետ ինչ խնդիր կա»,- Banksnews.am-ի հետ զրույցում նշեց ՍԱՏՄ մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը։

 

Կիսվեք այս հոդվածով