Հաստատվել է կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող շուրջ 300 դպրոցների ցանկը

1 Դեկտեմբերի, 2023
2 Min Read
Հաստատվել է կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող շուրջ 300 դպրոցների ցանկը

ՀՀ կառավարության վերջին նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրում ընդգրկված ուսհաստատությունների ցանկը և դրանց համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները:

«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրով նախատեսվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում, այդ թվում՝ սեյսմիկ անվտանգության ապահովում, փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող բնակավայրերում մոդուլային դպրոցական շենքերի կառուցում, ըստ անհրաժեշտության՝ հիմնանորոգման, վերակառուցման այլ աշխատանքներ: Մինչև 2030 թ. նման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել 400 դպրոցում (2026 թ. թիրախը` 300 դպրոց):

Դպրոցական շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների պատշաճ ապահովման նպատակով առաջիկա տարիներին նախատեսվում է վերակառուցման, հիմնանորոգման և կառուցման աշխատանքներ իրականացնել 300 դպրոցում, որի նպատակն է՝ ապահովել որակյալ կրթական ծառայությունների հասանելիություն ՀՀ բոլոր մարզերերում և Երևանում։

Դպրոցական միջավայրին առնչվող մի շարք գործոնների կարգավորման շնորհիվ, որպես հետևանք, կարձանագրվեն կրթական բարելավված արդյունքներ: Բնակավայրերը կունենան կրթական ժամանակակից շենքային պայմաններ` ապահովված համապատասխան լաբորատորիաներով, մարզադահլիճներով և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներով:

Կբարելավվի դպրոցական շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների ֆիզիկական վիճակը (դպրոցական գույք, մարզագույք, գրադարանային գույք, ՏՀՏ սարքավորումներ, լաբորատորիաներ):

Առաջնահերթություն է բոլոր դպրոցներում լաբորատոր ենթակառուցվածքների ստեղծումը, ինչը կարող է լավ նախադրյալ լինել բնագիտական ուղղությամբ կրթության որակի և արդյունավետության բարելավման համար՝ հանրակրթության նոր չափորոշչով կարողունակությունները զարգացնելու վրա հիմնված կրթություն իրականացնելու նպատակով:

Գյուղական բնակավայրերի հաստատությունները կընդլայնեն իրենց նշանակությունը՝ գործելով իբրև համայնքային կենտրոն՝ ապահովելով բնակավայրի մշակութային, մարզական, ժամանցային միջավայրերն ու ենթակառուցվածքները։

Կրթական գործընթացի կազմակերպման արդյունավետության տեսանկյունից կգործեն կրթահամալիրներ, որտեղ հանրակրթական ծրագրերից զատ՝ կարող են իրականացվել նաև նախադպրոցական, անհրաժեշտության դեպքում՝ արհեստագործական, լրացուցիչ կրթական ծրագրեր։

Կապահովվի նաև մարզադահլիճների և խաղահրապարակների առկայությունը, որոնք կհագեցվեն անհրաժեշտ գույքով։

Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն