Աշնան վերջին օրը միջազգային օրացույցում կարևորվում է որպես Ընտանի կենդանիների միջազգային օր (World Pets Day)։ Այս օրը միտված է մարդկությանը հիշեցնելու, որ պետք է հոգ տանել և պատասխանատու գտնվել մեր կյանքը հետաքրքիր դարձնող ընտանի կենդանիների հանդեպ: Զարմանալի չէ, որ այս օրվա կարգախոսը Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի Փոքրիկ իշխանի խոսքերն են. «Դու հավերժ պատասխանատու ես նրանց համար, ում ընտելացրել ես», որոնք ուղղված են համայն մարդկությանը:
Ընտանի կենդանիների խնամքի տեսանկյունից աշխարհը գնալով ավելի է զարգանում. ինչեր ասես, որ չեն արտադրվում կենդանիների համար՝ հագուստից մինչև խաղալիքներ, տնակներից մինչև ճոխ աքսեսուարներ:
Շատ կենդանասերներ նույնիսկ իրենց ընտանի կենդանիներին վեր են դասում սեփական անձից՝ նրանց համար ապահովելով շատ ավելի հարմարավետ պայմաններ: Մյուս կողմից, այնուամենայնիվ, աշխարհում դեռևս շատ են անտուն կենդանիները, որոնք իրապես օգնության կարիք ունեն։
Ինչևէ, վիճակագրական տվյալները հետաքրքիր տեղեկատվություն են փոխանցում ընտանի կենդանիների և իրենց շուրջ ծավալվող հսկայական տնտեսության մասին․
Պարզվում է՝ դեռևս 2022թ-ին Եվրոպայում ընտանի կենդանիների թվաքանակը կազմել է 340 մլն։ Հիշեցնենք, որ Եվրոպայի բնակչությունը կազմում է մոտ 700 մլն մարդ։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Եվրոպայում գոնե մեկ ընտանի կենդանի ունեցող տնային տնտեսությունների թիվը անցնում է 90 մլն-ը։
Ընտանի կենդանիներին պահելու և խնամելու համար ծախսվում են հսկայական գումարներ։ Եվրոպայում ընտանի կենդանիների կերերի վաճառքի ծավալները 2022թ-ին հասել են €29,1 մլրդ մակարդակին։ Ընդ որում՝ այս ծավալները տարեց տարի աճելու հստակ միտումներ ունեն։
Ընտանի կենդանիների աքսեսուարների վաճառքի և մատուցված ծառայությունների ծավալները Եվրոպայում կազմում են €24․5մլրդ։ Եվրոպայում ընտանի կենդանիների կերերի վաճառքով զբաղվող 150 խոշոր ընկերություն կա, իսկ կերերի գործարանների թվաքանակը կազմում է 200 միավոր։
Ընտանի կենդանիներին վերաբերող տարբեր շուկաներում ներգրավված է շուրջ 1 մլն 68 հզ մարդ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում