Վերջին ամիսներին 12-ամսյա գնաճը Հայաստանում զրոյին մոտ է։ Սակայն հանրության շրջանում գնաճի մասով ընկալումները և սպասումները միանգամայն այլ են։
Այս ընկալումների և սպասումների մասով վիճակագրական տվյալներ տրվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Այս անգամ անդրադառնանք գնաճի մասով առկա ընկալումներին և սպասումներին 2023թ-ի արդեն 4-րդ եռամսյակի կտրվածքով․
Այսպես, տնային տնտեսությունների՝ գների ընդհանուր մակարդակի փոփոխության ընկալումները/զգացողությունները ցույց են տալիս, որ հարցվածների 33,8%-ը կարծում է՝ գները աճել են բարձր տեմպերով։ Հարցվածների 24,5%-ը գտնում է, որ գներն աճել են ցածր տեմպերով։
Միայն 6,2%-ի կարծիքով է, որ գները նվազել են։
Հաջորդիվ անդրադառնանք տնային տնտեսությունների գնաճային սպասումներին։ Պարզվում է՝ մեր տնային տնտեսությունների 46,3%-ը դժվարանում է պատասխանել, թե գնաճային տատանումներն ինչպիսին են լինելու։ Հարցվածների 19,1%-ը կարծում է, որ գները աճելու են ցածր տեմպերով։
Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ վերը բերված վիճակագրական տվյալները ստացվել են ՀՀ տնային տնտեսությունների գնաճային ընկալումների և սպասումների հետազոտություն հիման վրա։
Ինչպես BanksNews.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԲ կայքից, հետազոտությունն իրականացվում է եռամսյակային պարբերականությամբ հեռախոսային հարցազրույցների միջոցով: Ընտրանքը ձևավորվում է ըստ քվոտաների` յուրաքանչյուր մարզի քաղաքային բնակչության թվաքանակին և սեռատարիքային կառուցվածքին համապատասխան` հիմնականում որակական բնույթի հարցերից կազմված հարցաթերթով:
- Ընտրանքային հետազոտությունն իրականացվում է յուրաքանչյուր եռամսյակի երկրորդ ամսվա ընթացքում: Հետազոտությունը իրականացվում է 1200 տնային տնտեսության շրջանում. Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններից և ՀՀ բոլոր մարզերի քաղաքներից պատահականության սկզբունքով ընտրված տնային տնտեսությունների շրջանում (կառուցվածքը ՀՀ բնակչության սեռատարիքային պաշտոնական կառուցվածքին համապատասխան):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում