2021, 2022, 2023 թվականներին հաստատված և իրականացված մի շարք սուբվենցիոն ծրարգրերի համար հատկացվեց Կառավարության մասնաբաժինը, այն է՝ 5 միլիարդ 712 միլիոն դրամ: Այս մասին որոշումը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Հատկացումները վերաբերում են 10 մարզի 37 համայնքի 82 սուբվենցիոն ծրագրերին. այդ ծրագրերից 54-ը 2023-ին հաստատված և իրականացված ծրագրեր են:
Ըստ մարզերի` գումարային բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին՝ 177 մլն դրամ, Արարատի մարզին՝ 888 մլն դրամ, Արմավիրի մարզին՝ 903 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին՝ 1 մլրդ 249 մլն դրամ, Լոռու մարզին՝ 363 մլն դրամ, Կոտայքի մարզին՝ 928 մլն դրամ, Շիրակի մարզին՝ 196 մլն դրամ, Սյունիքի մարզին՝ 586 մլն դրամ, Վայոց ձորին՝ 186 մլն դրամ, Տավուշի մարզին՝ 233 մլն դրամ:
Ըստ նախարարի՝ այս տարի, ընդհանուր առմամբ, 426 ծրագրի համար Կառավարությունը գումար է հատկացրել:
«Այսօրվա գումարն էլ հաշվենք, 27 միլիարդ 530 միլիոն դրամ ենք հատկացնում, եթե համայնքների մասնաբաժինն էլ գումարենք, կդառնա 45,2 միլիարդ դրամ: Բյուջեի պլանով ավելի քիչ էր: Փաստացի իրականացվող աշխատանքներն ավելին են, արդեն 27,5 հիմա վճարում ենք, բայց դեռ հայտեր ունենք»,- ասել է նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ այս տարվա արդյունքներով մարզերում 120-130 մլն դոլարի ներդրումներ իրականացված կլինեն, որոնք հիմնականում կապիտալ ծրագրեր են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում