Սահմանվեց արցախցիներին կենսաթոշակ վճարելու կարգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման ընթացակարգերը կհստակեցվեն: Այս մասին որոշումը Կառավարության նոյեմբերի 30-ի նիստին ներկայացրել է ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Ըստ այդմ՝ առաջարկվում է հաստատել առանձին ընթացակարգ, որով կսահմանվեն փախստականի կարգավիճակ ունեցող անձի՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, այն նշանակելու, վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ վարելու կարգի առանձնահատկությունները:

Օրինակ՝ սահմանվում է, որ փախստական ճանաչված անձը, որի կենսաթոշակի գործն առկա է ԼՂ կենսաթոշակային բազայում, կարող է կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնել առցանց դիմում մինչև 2024 թվականի հունիսի 1-ը: Ընդ որում՝ դիմումին որևէ փաստաթուղթ կցելու կարիք չկա:

Համապատասխան փաստաթղթերի անհրաժեշտություն կա միայն այն դեպքում, երբ անձի հաշմանդամության ժամկետը լրացել է, և վերջինս ԼՂ-ում չի հասցրել անցնել բժշկասոցիալական փորձաքննություն կամ անցել է, բայց կենսաթոշակ ստանալու իրավունքը ԼՂ-ում չի իրացվել:

Կենսաթոշակ նշանակելու դիմումը մինչև 2024 թվականի հունիսի 1-ը ներկայացնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում, պահպանվում է ԼՂ-ի կենսաթոշակային բազայում հաշվարկված ու ներառված ստաժը, սակայն կենսաթոշակի չափը հաշվարկվում է ՀՀ-ում սահմանված օրենքի կարգով, իսկ կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ:

Մանրամասները՝ տեսանյությում:

Share This Article