Հայաստանում վարձով բնակարան տալը դարձել է բավականին գրավիչ բիզնես։ Սակայն, տրամադրվածությունները կարող են փոխվել, քանի որ իշխանությունները որոշել են վարձակալության գործարքները ևս հարկային դաշտ բերել։ Հավանական է, որ այս ամենի արդյունքում բնակարանների վարձերը կթանկանան։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանում անշարժ գույքի վարձակալության գործարքների թվաքանակը 2023թ-ի երրորդ եռամսյակում կազմել է 2,619 միավոր։ Վերջինս նախորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 16%-ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 1,7%-ով։
Հաջորդիվ ուսումնասիրենք մարզերում և մայրաքաղաք Երևանում վարձակալության գործարքների վիճակագրությունը․
Ինչպես և սպասվում էր մայրաքաղաքում, վարձակալության գործարքների թվաքանակն էապես գերազանցում է մարզերում իրականացված գործարքներին։ Այսպես, 2023թ-ի երրորդ եռամսյակում վարձակալության գործարքների թվաքանակը կազմել է 1,529 միավոր։ Վերջինս նախորդ եռամսյակի համեմատ կրճատվել է մոտ 12%-ով, իսկ նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ աճել է 15,1%-ով։
Մարզերում 2023թ-ի երրորդ եռամսյակում 2022թ-ի երրորդ եռամսյակի համեմատ վարձակալության գործարքների ամենամեծ աճը դիտվել է Արագածոտնի մարզում՝ մոտ 54%-ով։ Արդյունքում վարձակալության գործարքների թվաքանակը 2023թ․-ի երրորդ եռամսյակում հաստատվել է 120 միավոր մակարդակում։
Գործարքների թվաքանակի ամենամեծ անկումը դիտվել է Լոռու մարզում՝ մոտ 62%-ով, որի արդյունքում վարձակալության գործարքների թվաքանակը կազմել է 100 միավոր։
Հաջորդիվ ումսումնասիրենք վարձակալության գործարքները՝ ըստ անշարժ գույքի տեսակի Երևանում, ՀՀ մարզերի քաղաքներում և գյուղերում․
2023թ-ի երրորդ եռամսյակում վարձակալության ամենամեծ թվով գործարքները կապված են հասարակական նշանակության շինությունների հետ։
Գործարքների 72%-ը պատկանում է Երևանին, 26%-ը և 16%-ը համապատասխանաբար ՀՀ մարզերի քաղաքներին և գյուղերին։ Երկրորդ տեղում են հողի վարձակալության գործարքները, որոնք 2023թ-ի երրորդ եռամսյակում կազմել են 676 միավոր։ Վերջինիս 29%-ը պատկանում է Երևանին, 18%-ը՝ ՀՀ մարզերի քաղաքներին, և 53%-ը՝ ՀՀ մարզերի գյուղերին։
Երրորդ տեղում են վարձակալության գործարքները բազմաբնակարան շենքի բնակարանների մասով։ Այս գործարքների թվաքանակը 2023թ-ի երրորդ եռամսյակում կազմել է 177 միավոր, որի 61%-ը պատկանում է Երևանին, և 39%-ը՝ ՀՀ մարզերի քաղաքներին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում