Հայկական արտադրանքով բեռնատարները Լարսի անցակետից հետ են ուղարկվում․ ի՞նչն է պատճառը

3 Min Read

Վերջին օրերին հայկական արտադրանքով բեռնված բեռնատարները խնդիրների են բախվում Ռուսաստան մուտքի հետ կապված։ Հայկական գյուղմթերքով և այլ ապրանքներով բեռնված տասնյակ բեռնատարներ հետ են ուղարկվում Հայաստան։

Rose field Armenia ընկերության 65,000 վարդով բեռնված 2 հայկական բեռնատար Լարսի անցակետից հետ է ուղարկվել` պատճառաբանվելով, թե սանիտարական նորմերին չի համապատասխանում։
3 տարի է` այդ ընկերությունը աշխատում է ռուսական շուկայի հետ, միշտ էլ ծաղիկները սահմանին ստուգվել են, բայց առաջին դեպքն է, երբ խախտումներ են գրանցվել։
Ընկերության տնօրենը Banksnews.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, սակայն հրաժարվեց այլ մեկնաբանություն տալ։
«Ըստ հասած տեղեկությունների՝ Հայաստանից արտահանվող ապրանքացանկից ռուսների կողմից առանձնացվել են առավել արտահանվող թվով 9 ապրանքատեսակ՝ դրանց մուտքը Ռուսաստան իսպառ բացառելու նպատակով տրվել է կոնկրետ ցուցում: Հարցին, թե՝ ինչ է կատարվում, ասում են ճշտեք ձեր երկրում: Առայժմ արգելվել է նաև Ռուսաստանից Հայաստան հեղուկ գազ տեղափոխող մեքենաների շարժը»,- գրել է ընկերության տնօրենն իր ֆեյսբուքյան էջում։
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը Banksnews.am-ի հետ զրույցում նշեց, որ ակտիվ աշխատանք է տարվում ռուսական կողմի հետ խնդրի լուծման առնչությամբ․
«Խնդիրը կապված է շուտ փչացող ապրանքներով բեռնված մեքենաների հետ։ Ռուսական կողմն ուժեղացրել է հսկողությունը շուտ փչացող ապրանքների նկատմամբ։ Այս պահին որոշակի քանակություն արդեն հետ են վերադարձրել, հետագայում էլ ինչ-որ քանակության մեքենաներ հնարավոր է վերադարձվեն։ Մենք ակտիվ աշխատում ենք ռուսական կողմի հետ, որպեսզի խնդիրը շուտ կարգավորվի»,- նշեց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի կողմից վերահսկվող ապրանքների դեպքում, որոնցից են միրգ, բանջարեղեն, պահածոներ և այլն, հսկողությունն ուժեղացվել է։
«Ըստ «Ռոսպետրեբնադզոր»-ի՝ վերջերս ՌԴ անցակետերից մեկում հայտնաբերվել են շատ խիստ խախտումներ, և դրա հետ կապված հսկողությունը ուժեղացվել է»,- ասաց Հակոբյանը։
Նշենք, որ Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի առնչությամբ ֆեյսբության էջում գրառում էր կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ հորդորելով սփյուռքում գտնվելով հայերին գնել հայրենական արտադրանքը․
«Որևէ ԼԱՐՍԻ անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին: Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինի բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք»,- նշել է նա։
Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորում է չշտապել Լարսում առաջացած խնդրին քաղաքական ենթատեքստ տալու հարցում։
«Իմ ունեցած տեղեկություններով՝ տեղի է ունեցել այդ սահմանակետում ծառայություն իրականացնող մարմինների հերթափոխի փոփոխություն»,ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը:
ԱԺ նախագահի տեղեկությամբ՝ նման իրավիճակ է ստեղծվել նաև Ադրբեջանի հետ սահմանի հատվածում: Սիմոնյանը, այնուամենայնիվ, չբացառեց, որ կարող են քաղաքական դրդապատճառներ լինել՝ հորդորելով չշտապել նման եզրահանգումների հարցում:
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով