ՀՀ ֆինանսների նախարարությունում նոյեմբերի 27-ին, ստորագրվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև:
Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ համաձայնագրի ստորագրումը կազմակերպվել է ԱԶԲ նախագահ Մասացուգու Ասակավայի՝ Հայաստան այցի շրջանակներում: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության տնօրեն Եվգենի Ժուկովը, ԱԶԲ գործադիր տնօրեն Մեյդ Վիջայան, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դոնալդ Լամբերտը:
Ծրագրի իրականացման համաձայնագիրը ստորագրվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարի միջև:
«Սեյսմիկ անվատանգության բարելավման ծրագիրն» իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թ․ հոկտեմբերի 19-ին կնքված վարկային համաձայնագրի հիման վրա: Ծրագիրը մեկնարկել է 2016 թ., որի շրջանակներում ԱԶԲ-ից ներգրավվել են վարկային միջոցներ՝ 88.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով:
Ստորագրված համաձայնագրով նախատեսվում է ներգրավել ևս 66 100 000 եվրոյի չափով վարկային միջոցներ՝ ծրագրի ամբողջական իրականացումն ավարտին հասցնելու նպատակով։
Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը սեյսմակայունության ժամանակակից չափանիշներին համապատասխան, այդկերպ՝ շուրջ 20 000 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովումը:
Ծրագրի շրջանակներում մինչ այժմ կառուցվել է 16 դպրոց։ Ներկայում ընթանում են 20 դպրոցի շինարարական աշխատանքներ։ 10 դպրոց գտնվում է նախագծային (ավարտական) աշխատնքերի իրականացման տարբեր փուլերում։
Նշյալ ծրագիրն ամբողջովին համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին, որի առաջնահերթ ուղղություններից է դպրոցաշինությունը:
Վահե Հովհաննիսյանի և Դոնալդ Լամբերտի միջև ստորագրվել է նաև մեկ այլ՝ «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը 60 090 000 եվրո արժողությամբ:
Ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները՝ կառուցելով Իսակովի-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը, որը կկապի Երևան քաղաքի 3 վարչական շրջանները և էականորեն կնվազեցնի քաղաքային խցանումները:
Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել առկա ճանապարհը, քաղաքային խցանումները, ինչպես նաև ստեղծել նոր քաղաքային ենթակառուցվածքներ: