20 միլիոն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին բիզնեսը զարգացնելու համար։ Արդշինբանկի Վարչության նախագահն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործադիր տնօրենը ստորագրում են պայմանագիրը։
Գումարի կեսը վերավարկավորման տեսքով տրամադրվելու է հայկական ընկերություններին, մյուս կեսը՝ արտադրությանն ուղղված էկոլոգիապես մաքուր սարքավորումների ձեռքբերմանը և ԵՄ չափանիշներին համապատասխան ներդրումներին։
Ստանալով այս աջակցությունը` փոքր և միջին ձեռներեցները կկարողանան բարձրացնել իրենց մրցակցությունն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում, մյուս կողմից՝ դիվեսիֆիկացնել իրենց արտահաման շուկաները։ Թե ինչպես հաջողել ու զարգացնել բիզնեսը, վարկառուներին իրենց փորձով կօգնեն միջազգային խորհրդատուները։ Ներդրումային ծրագրի ավարտից հետո շահառուները նաև գումարի վերադարձի արտոնություն են ստանալու։
Արդշիբանկի համար մեծ պատասխանատվություն է դառնալ եվրոպական ֆինանսական ծրագրի շահառու։ Վարչության նախագահ Արտակ Անանյանը շնորհակալ է՝ Արդշինբանկին վստահելու համար, ասում է՝ տրամադրվող 20 միլիոն դոլարը ռազմավարական նշանակություն ունի իրենց համար։ Արտոնյալ վարկը արտոնյալ պայմաններով են տրամադրելու իրենց հաճախորդներին, որ անգամ Հայաստանի հեռավոր մարզերում բիզնեսն արա’գ զարգանա։ Բանկի վարկային պորտֆելում ՓՄՁ-ներին տրվող վարկերն այսօր կազմում են շուրջ 25 տոկոս։
«Մենք ուժեղ ենք միասին» կարգախոսին հավատարիմ` Արդշինբանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ակտիվ համագործակցությունն ունի 8 տարվա պատմություն. միջազգային կառույցն արձանագրում է, որ Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի հետ համատեղ գործունեությունը շարունակում է շոշափելի արդյունավետություն դրսևորել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում