Ձեռնարկատիրական գործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծումը յուրաքանչյուր երկրի կառավարության առաջնահերթ խնդիրներից է։ Նկատենք, որ վերջին ժամանակներում ձեռնարկատերերն անընդհատ բախվում են արագ փոխվող ներքին և արտաքին միջավայրին, որը էական վտանգներ է ստեղծում հետագա գործունեության համար։
Սա էլ իր հերթին վնաս է հասցնում երկրի տնտեսությանը։ Մեր ժամանակներում ձեռնարկատիրական գործունեության մեջ սկսել են մեծ դերակատարում ունենալ կանայք, ովքեր տղամարդկանց հավասար վարում են իրենց բիզնեսը և շատ դեպքերում՝ արձանագրում մեծ հաջողություններ։
Էկոնոմիկայի նախարարությունը բռնի տեղահանված գործարարների համար ծրագրեր է մշակել
Թե՛ կին, թե՛ տղամարդ ձեռնարկատերերը վերջին տարիներին բախվել են մի շարք խնդիրների։ Այս մասով հետաքրքիր զեկույց է հրապարակվել Global Entrepreneurship Monitor-ի կողմից։ Զեկույցում ներկայացվել են այն հիմնական պատճառները, որոնք այս կամ այն կերպ ազդել են բիզնես գործունեությունը դադարեցնելու նրանց որոշման վրա:
Հարցումն անցկացվել է 49 երկրում․
Կին գործարարների 24,2%-ը և տղամարդկանց 24,5%-ը նշել են, որ իրենց գործունեության դադարեցման պատճառ է եղել բիզնեսի ոչ շահութաբեր լինելը։ Թագավարակի պատճառով բիզնես գործունեությունը դադարեցրել է հարցված կանանց 20%-ը և տղամարդ գործարարների 16%-ը։
Ընտանեկան կամ անձնական պատճառներով ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցրել են հարցված կանանց 18%-ը և տղամարդկանց 12,6%-ը։ Ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու պատճառ է հանդիսացել նաև ֆինանսական միջոցներ ներգրավելու խնդիրը՝ կին գործարարներից 12,3%-ի և տղամարդ գործարարներից 12,5%-ի պարագայում։
- Փաստացի ստացվում է, որ ընտանեկան կամ անձնական պատճառներով ընկերության գործունեությունը դադարեցրած կանանց թիվն ավելի մեծ է: Ընդ որում՝ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ նրանց գերակշռող մասը Հյուսիսային Ամերիկայից, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից և Լատինական Ամերիկայից են։