Հարկային մարմինը կստանա ֆիզիկական անձանց մասով հարկադիր սնանկության դիմում ներկայացնելու հնարավորություն

2 Min Read

Նախագծերի ընդունման հիմնական նպատակը Հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումների համապատասխանեցումն է գործող «Սնանկության մասին» օրենքի կարգավորումների հարկային պարտավորությունների առաջացման, հաշվարկման կամ դադարեցման առումով: Խոսքը վերաբերում է սնանկության վարույթի ընթացքում, դրանից առաջ կամ հետո առաջացած պարտավորություններին:

Այս մասին նոյեմբերի 23-ին տեղի ունեցած Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ խորհրդարանականներին ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Սնանկության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Փոփոխություններով ակնկալվում է օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասն օրենքի դրույթներին համապատասխանեցնել, ինչպես նաև հստակեցնել օրենքում առկա տարընկալումների առիթ տվող որոշ կարգավորումներ և հարկային մարմնի բնականոն գործունեությանը նպաստող դրույթներ նախատեսել:

«Հարկային մարմինը կստանա ֆիզիկական անձանց մասով հարկադիր սնանկության դիմում ներկայացնելու հնարավորություն, իսկ սնանկ ճանաչված պարտապանը՝ սնանկության վարույթի ընթացքում առաջացող հարկային պարտավորությունները կատարելու հնարավորություն: Կկանոնակարգվեն մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը հրապարակվելը սկսված ստուգումների և ուսումնասիրությունների իրականացմանը, եկամտային հարկի, սոցիալական վճարների և դրոշմանիշային վճարի գումարների բավարարման հերթականությանը, այլ սնանկության վարույթով առաջացած պետական տուրքի գումարի վճարմանը, օրենքով նախատեսված դատական ակտերի բողոքարկման ժամկետների հաշվարկին, էլեկտրոնային ապացույցների ներկայացմանը վերաբերող հարցերը»,- շեշտել է ՊԵԿ փոխնախագահը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է՝ ինչի՞ն է միտված նախագիծը՝ այն պետությա՞ն շահերից է, իրականում սնանկության գործընթացով անցնողների՞, թե՝ արհեստական սնանկության դիմողների:

Ի պատասխան պատգամավորի հարցի՝ ՊԵԿ փոխնախագահը շեշտել է, որ նախագծով հարկային մարմնի վարչարարություն իրականացնելու թղթաբանությունն է վերացվելու: Այն միտված է այն սուբյեկտներին, որոնք իրականում ուզում են սնանկ ճանաչվել:

«Կեղծ սնանկության գործընթացով անցնողներին հայտնաբերելու համար գոյություն ունեն հստակ միջոցներ, նախագիծն այլ բան է կարգավորում: Իրական բիզնեսի վրա այն չեզոք ազդեցություն է ունենալու»,- հայտնել է Արթուր Մանուկյանը:

Հարակից զեկույցով հանդես է եկել Լիլիթ Մինասյանը: Պատգամավորը նշել է, որ նախագիծը երկու կարևոր գործառույթ է իրականացնում:

«Նախագծի ընդունման արդյունքում փաստաթղթաշրջանառությունը կտեղափոխվի էլեկտրոնային դաշտ, դատարանների ծանրաբեռնվածությունը կթոթափվի»,- նշել է խորհրդարանականն ու խնդրել հանձնաժողովի անդամների կողմ քվեարկությունը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծերի փաթեթին:

Կիսվեք այս հոդվածով