«Երևանի մետրոպոլիտենի վերականգնում. փուլ II» պայմանագրի ֆինանսավորումը երկարաձգվել է մինչև տարեվերջ` դեկտեմբերի 28-ը։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թ. մայիսի 10-ին ստորագրվել և, այնուհետև, փոփոխվել էր «Երևանի մետրոպոլիտենի վերականգնում. փուլ II» ֆինանսական պայմանագիրը` շուրջ 5 մլն եվրո արժողությամբ։
Պայմանագրով ֆինանսավորվում են Երևան քաղաքի մետրոյի համակարգի վերակառուցման գերակա կապիտալ ներդրումները:
Որոշման մեջ նշվում է, որ մինչ օրս իրականացվել է մետրոյի վագոնների կապիտալ վերանորոգում և արդիականացում, գնացքների մեքենավարների համար ուսուցման վարժասարքի նախագծում, մատակարարում և մոնտաժ, հրշեջ սարքավորումների մատակարարում, մետրոյի վագոնների լվացման սարքավորման նախագծում, մատակարարում և մոնտաժ։
ՀՀ կառավարությունը որոշել է վարկային միջոցների վերջին հասանելիության ժամկետը երկարաձգվել մինչև 2023 թ. դեկտեմբերի 28-ը: