Շահառուներն իրենց 40+10-հազարականները կստանան միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին. փոխվարչապետ

2 Min Read

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Կառավարության նիստին ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից նախորդիվ հաստատված աջակցության ծրագրերից մեկի ֆինանսավորման հարցը, համաձայն որի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար նախատեսվել էր նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին տրամադրել 50-հազարական դրամ՝ պայմանավորված արդեն իսկ ներկայացված դիմումների շահառուների թվով:

Նա նշել է, թե ծրագրից ովքեր կկարողանան օգտվել:

«100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրի շահառուները կարող են օգտվել, իսկ միջոցառումից չեն կարող օգտվել նրանք, ում բանկային հաշիվներւմ հոկտեմբերի 2-ի դրությամբ եղել է 2 մլն դրամից ավելի գումար, ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ունեցել են հաշվառում սեպտեմբերի 19-ից առաջ, բացակայում են ՀՀ-ից, կամ նոյեմբերի 15-ի դրությամբ բնակվում են հյուրանոցներում կամ հյուրատներում»,- ասել է նա: 

Նարեկ Մկրտչյանը հիշեցրել է, որ երեկ ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատվել է պետական կենսաթոշակների և նպաստների մասին օրենքներում փոփոխությունների նախագիծը, որով մեր հայրենակիցները կկարողանան իրացնել կենսաթոշակի և նպաստների իրենց իրավունքները սահմանված կարգով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պայմաններին բավարարելու դեպքում:

Ինչ վերաբերում է 40+10-հազարական դրամների հոկտեմբերի աջակցություններին, այս պահի դրությամբ արդեն 99 820 անձի վճարվել են այդ աջակցությունները, նախարարի տեղեկացմամբ՝ առանց դիմումի:

«Դրան զուգահեռ՝ սկսել ենք դիմումներ ստանալ նոյեմբեր ամսվա վճարման համար. շուրջ 80 095 արդեն ստացել ենք, և մի մասը մշակվել է, և մի մասը դեռ մշակման փուլում է»,- ասել է նա: 

Ինչ վերաբերում է 100-հազարական դրամներին, ապա, Նարեկ Մկրտչյանի խոսքով, այս պահի դրությամբ 108 336 անձի վճարվել է:

«Նոյեմբեր ամսվա 40+10-հազարական դրամների համար 1 միլիարդ հատկացրինք, բայց սկսած նոյեմբերի ամսից՝ միջազգային կազմակերպությունները, որոնք իրենց աջակցությունը ցուցաբերում են ոչ թե բյուջեին գումար հատկացնելու եղանակով, այլ մենք համագործակցում ենք, որ իրենք վճարումներ են կատարում են իրենց հաշիվներից, բայց մեզ հետ համագործակցաբար: Մենք արդեն այս միջոցառման շրջանակներում ունենք պայմանավորվածություններ, որ որոշակի քանակությամբ շահառուներ իրենց 40+10-հազարականները կստանան միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին: Սա կարևոր հանգամանք է, դա է պատճառը, թե ինչու ենք մենք 1 մլրդ հատկացնում»,- նշել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Նա նշել է, որ ստացված դիմումների կեսը մշակված է, և հաշվարկն այնպիսին է, որ Կառավարության հատկացրած 1 մլրդի և միջազգային կազմակերպությունների կողմից կատարվող վճարումների հաշվին այդ մշակված տվյալներն ամբողջությամբ կվճարվեն:

Կիսվեք այս հոդվածով