ՀՀ կառավարությունը 2 մլրդ դրամ հատկացրեց ԼՂ–ից բռնի տեղահանված 40 հազար շահառուիների` նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին առաջնային սպառողական ծախսերի 50 հազարական դրամների տրամադրման համար։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա հիշեցրել է, որ այս ծրագրից կարող են օգտվել 100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրի շահառուները և կարող են ստանալ էլեկտրոնային դիմումի հիման վրա` բացառապես անկանխիկ եղանակով։
«Այս միջոցառումից չեն կարող օգտվել նրանք, որոնց բանկային հաշիվների վրա հոկտեմբերի 2-ի դրությամբ եղել է 2 մլն դրամից ավելի գումար, ՀՀ պետական ռեգիստրում ունեցել են գրանցում սեպտեմբերի 19-ից առաջ, բացակայում են Հայաստաից, նոյեմբերի 19-ի դրությամբ ապրում են հյուրանոցներում և հյուրատներում»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է 40+10 հազար ծրագրին, նախարարը նշել է, որ այս պահին արդեն 99 820 շահառուի վճարվել է հոկտեմբեր ամսվա այդ աջակցությունը` առանց դիմումի հիման վրա` բոլոր բռնի տեղահանվածներին։ Ինչ վերաբերում է նոյեմբեր ամսվա վճարումներին, ապա նախարարությունն արդեն ստացել է 85 095 դիմում։ Մկրտչյանը նշել է, որ մեկ այլ նախագծով էլ կառավարությանը կդիմեն մոտ 20 հազար շահառուի համար նոյեմբեր ամսվա վճարումների համար 1 մլրդ դրամի խնդրանքով։