Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով, ավագանու նոյեմբերի 22-ի նիստի որոշմամբ, կներգրավվի աուդիտորական ծառայություն: Ընտրությունը կլինի մրցութային կարգով, ինչը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջ է:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից, պետության կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակում համայնքի բյուջեն կավելացվի 620 մլն 620 հազ. դրամով, որը կուղղվի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգմանը, մասնավորապես, 32 գնացքի անվազույգերի և 4200 մետր ռելսերի ձեռքբերմանը:
Բացի այդ, ևս 93 մլն 141 հազ. դրամ կտրամադրվի հանրակրթական ծրագրերի իրականացմանը:
«Կառավարության որոշմամբ՝ համայնքի բյուջեի եկամտային մասում ընթացիկ նպատակային հատկացումները (սուբվենցիաները) ավելացել են 1 մլն 200 հազ. դրամով: Միջոցները կուղղվեն ամառային զորակոչի շրջանակում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած 8 աշխատակիցների փոխհատուցմանը:
Ավագանու նույն որոշմամբ՝ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի համալրման համար կտրամադրվի 71 մլն 422 hազ. դրամ: Նախագծով նախատեսվում է նաև 33 մլն 21 հազար դրամի չափով եկամուտների ավելացում համայնքային 3 թանգարանների մուտքի համար տեղական վճարներում, ինչը պայմանավորված է կանխատեսվող ցուցանիշներից ավելի գանձմամբ։
Ավագանու՝ ավելի վաղ ընդունած որոշմամբ՝ բացօթյա հանրային վայրերում մշակութային գործունեություն իրականացնելիս բնակելի, հասարակական նշանակության շենք-շինություններից պետք է պահպանվի հեռավորություն. ժամը 10:00-ից մինչ 21:00-ն՝ առնվազն 10 մ, ժամը 21:00-23.00-ն՝ 100մ: Ավագանու նոր որոշմամբ՝ այսուհետ կարգավորումները չեն տարածվի նկարիչների և արհեստագործությամբ զբաղվող անհատների վրա՝ հաշվի առնելով, որ նման գործունեությունն աղմուկ չի առաջացնում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ ավագանին անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն է սահմանվել 20 քաղաքացիների համար, որոնք համապատասխանում են ավագանու դեռևս 2022թ. դեկտեմբերին սահմանված խմբերի չափանիշներին՝
1. Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներ,
2. Արցախյան և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ,
3. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամներին) անձինք:
Ըստ աղբյուրի՝ ավագանու առանձին որոշումներով՝ քաղաքում կտեղադրվեն հայ բանաստեղծ-մանկագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Յուրի Սահակյանի, ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ վաստակավոր շինարար Արարատ Սահակյանի և Երևանի ոսկերչական գործարանի նախկին տնօրեն Էմիլ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակները:
Նշվում է, որ նիստին հաջորդել է հարց ու պատասխանը: Ավագանու անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Երևանի քաղաքապետին, վարչական շրջանների և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին:
Երևանի ավագանու հաջորդ՝ հերթական նիստը կգումարվի դեկտեմբերի 26-ին: