ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ակտիվ ընթանում են ՀՀ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերով իրականցավող աշխատանքները։ 2023 թվականին համայնքի սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից հաստատվել է թվով 6 ծրագիր։
Սուբվենցիոն ծրագրերից կարելի է առանձնացնել «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 117/4 հասցեից մինչև Գայի 90 հասցեն ընկած հատվածի ասֆալտապատումով հիմնանորոգում» ծրագիրը։ Ավելի քան 412 մլն. դրամ է ներդրվել վերոնշյալ փողոցի հատվածը հիմնանորոգելու համար։ Փողոցի երթևեկելի մասը գտնվում էր անմխիթար վիճակում, իսկ մայթերը քայքայված տեսք ունեին։
Ներկա պահին նշված փողոցի հատվածը հիմնանորոգվում է նոր, ժամանակակից պայմաններով։ Շուրջ 2.360 կմ երկարություն և 8.80-10 մ երթևեկելի մասի լայնություն ունեցով ճանապարհահատվածի հիմնանորոգումը կատարվելու է նորմերին և չափորոշիչներին համապատասխան, մասնավորապես՝ հիմնանորոգումը ուղեկցվելու է ծառատունկով և սահմանափակ կարողություններով ու հաշմանդամ անձանց տեղաշարժը դյուրին դարձնելու նպատակով թեքահարթակների կառուցմամբ։
Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ կառավարության 40% և համայնքային 60% ֆինանսավորմամբ։ Հիմնանորոգման աշխատանքները ավարտական փուլում են։ Նշենք նաեւ, որ ճանապարհահատվածը ՀՀ անկախացումից հետո առաջին անգամ է հիմնանորգվում` կառավարության և համայնքի համատեղ ներդրմամբ։
ՀՀ կառավարության և համայնքի մեկ այլ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Դիլիջան համայնքը ձեռք է բերել տրանսպորտային երթուղիները սպասարկելու համար 2 ավտոբուս և կոմունալ տնտեսության սպասարկման համար 1 աղբատար մեքենա։ Ավելի քան 171 մլն. դրամ է ներդրվել վերոնշյալ մեքենաները ձեռք բերելու համար։ Դիլիջան համայնքի երթուղիները սպասարկում էին միկրոավտոբուսները, որոնք չէին բավարարում բնակչության տեղաշարժին, առաջանում էր ծանրաբեռնվածություն երթուղիները պատշաճ սպասարկելու հետ կապված։
Ներկա պահին երթուղիները սպասարկվում են ANKAI մակնիշի 30 նստատեղ և ընդհանուր 66 ուղևորների քանակ ունեցող հարմարավետ ու Դիլիջան համայնքի բնակչության պահանջներին համապատասխանող ավտոբուսների կողմից։
ՄԱԶ մակնիշի 24 մ³ թափքի տարողությամբ աղբատար մեքենայի ձեռքբերումը նպաստեց համայնքում կոմունալ տնտեսության աշխատանքը կատարել ավելի պատշաճ և ժամանակին։ Նշենք, որ ծրագիրը իրագործվել է ՀՀ կառավարության 45% և համայնքի 50% ֆինանսավորմամբ։