30 տարի առաջ՝ 1993թ. նոյեմբերի 22-ին, Հայաստանում շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը, ինչն առիթ հանդիսացավ հետագայում նշել այս օրը որպես բանկային համակարգի աշխատողի օր։
Ֆինանսական ոլորտը խիստ մրցակցային և եկամտաբեր ոլորտ է, որը գրավում է բազմաթիվ մասնագետների, ովքեր փնտրում են բարձր վարձատրվող աշխատանք՝ կարիերայի խոստումնալից աճով: Այնուամենայնիվ, ֆինանսների ոլորտում կարիերա կառուցելու համար էական է, թե որ երկրում ես բնակվում։
Banksnews.am-ը ներկայացնում է այն երկրների թոփ հնգյակը, որտեղ ֆինանսական ոլորտի աշխատողներն ամենաբարձրն են վարձատրվում։ Տվյալները վերցված են ischoolconnect.com կայքից։
- Միացյալ Նահանգներ
Միացյալ Նահանգները, անկասկած, ֆինանսների ոլորտում կարիերայի լավագույն երկրներից մեկն է, որտեղ Նյու Յորքը ծառայում է որպես համաշխարհային ֆինանսական կենտրոն: ԱՄՆ-ի ֆինանսական ոլորտը լայնածավալ և բազմազան է՝ ներդրումային բանկային գործունեության, մասնավոր կապիտալի, ակտիվների կառավարման, հեջային հիմնադրամների և վենչուրային կապիտալի հնարավորություններով: ԱՄՆ-ի լավագույն ֆինանսական ընկերությունների ցանկում են Goldman Sachs, J.P. Morgan, BlackRock և Morgan Stanley ընկերությունները:
Այնուամենայնիվ, մրցակցությունը բարձր է, և աշխատանքային ու անձնական կյանքի հավասարակշռությունը կարող է դժվար լինել պահպանել՝ ունենալով երկար աշխատանքային ժամեր և աշխատելով բարձր ճնշման տակ:
ԱՄՆ-ում ֆինանսների մասնագետների միջին աշխատավարձը կազմում է տարեկան մոտ $87,000, բայց, կախված գտնվելու վայրից և փորձից, կարող են զգալի տատանումներ լինել: - Միացյալ Թագավորություն
ԵՎս մեկ առաջատար երկիր՝ ֆինանսների ոլորտում կարիերայի համար, որտեղ Լոնդոնը ֆինանսական կենտրոնն է: Մեծ Բրիտանիան ունի լավ կայացած ֆինանսական համակարգ, որը ներառում է ներդրումային բանկ, ապահովագրություն և ակտիվների կառավարում: Մեծ Բրիտանիայի խոշոր ֆինանսական ընկերությունները ներառում են HSBC-ն, Barclays-ը և Standard Chartered-ը:
Մեծ Բրիտանիան առաջարկում է կարիերայի աճի հիանալի հնարավորություններ և մրցակցային աշխատավարձեր՝ ֆինանսական մասնագետների համար տարեկան մոտ 55,000 ֆունտ ստեռլինգ (շուրջ 69 հազար դոլար) միջին աշխատավարձով:
Այնուամենայնիվ, Լոնդոնում ապրելու արժեքը բարձր է, և մրցակցությունը կարող է լինել շատ բարձր, քանի որ այստեղ ոլորտում կան բարձր որակավորում ունեցող շատ մասնագետներ, ովքեր հավակնում են բարձր պաշտոնների: - Հոնկոնգ
Զարգացող ֆինանսական արդյունաբերությամբ Հոնկոնգն առաջատար ֆինանսական կենտրոն է Ասիայում. ներառում է ներդրումային բանկային գործունեությունը, մասնավոր բանկինգը և ակտիվների կառավարումը: Քաղաքում են գտնվում աշխարհի մի քանի լավագույն ֆինանսական ընկերություններ, ինչպիսիք են HSBC-ն, Citigroup-ը և BlackRock-ը:
Հոնկոնգն առաջարկում է կարիերայի աճի հիանալի հնարավորություններ, և աշխատավարձերը մրցունակ են, իսկ միջին աշխատավարձը կազմում է տարեկան 616,000 HKD (շուրջ 79 հազար դոլլար) ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետների համար:
Այնուամենայնիվ, Հոնկոնգում ապրելու արժեքը նույնպես բարձր է, մրցակցությունը ինտենսիվ է, և ամբողջ աշխարհից շատ մասնագետներ աշխատանք են փնտրում այստեղ:
- Սինգապուր
Մեկ այլ առաջատար ֆինանսական կենտրոն՝ Ասիայում, որը գրավիչ ուղղություն է ֆինանսական ոլորտի մասնագետների համար:
Սինգապուրի ֆինանսական արդյունաբերությունը ներառում է ներդրումային բանկինգ, մասնավոր բանկինգ, ակտիվների կառավարում և ապահովագրություն: Սինգապուրի առաջատար ֆինանսական ընկերություններն են DBS-ը, UOB-ը և OCB-ն:
Սինգապուրն առաջարկում է կարիերայի աճի հիանալի հնարավորություններ՝ բարձր կենսամակարդակով և մրցունակ աշխատավարձերով: Այստեղ ֆինանսական ոլորտի մասնագետների միջին աշխատավարձը կազմում է տարեկան շուրջ 93,000 SGD (69 հազար դոլար):
Այնուամենայնիվ, Սինգապուրում ապրելու արժեքը բարձր է՝ հարկերի բարձր դրույքաչափերով և բնակարանների բարձր գներով պայմանավորված: - Շվեյցարիա
Շվեյցարիան լավագույն ուղղությունն է ֆինանսական համակարգի մասնագետների համար, ովքեր ձգտում են բարձր կենսամակարդակի, և՛ աշխատանքի և անձնական կյանքի գերազանց հավասարակշռության:
Շվեյցարիայի ֆինանսական ոլորտը ներառում է մասնավոր բանկինգ, ակտիվների կառավարում և ապահովագրություն: Երկրի լավագույն ֆինանսական ընկերություններն են UBS-ը, Credit Suisse-ը և Swiss Re-ն: Շվեյցարիան առաջարկում է մրցունակ աշխատավարձեր՝ ֆինանսական ոլորտի մասնագետների համար տարեկան մոտ 110,000 CHF (124 հազար դոլար) միջին աշխատավարձով: Այնուամենայնիվ, Շվեյցարիայում ապրելը նույնպես թանկ հաճույք է, և աշխատատեղերի համար մրցակցությունը կարող է բարձր լինել:
Այլ առաջատար երկրներ
Ֆինանսական ոլորտում կարիերայի մյուս առաջատար երկրներն են Կանադան, Ավստրալիան և Գերմանիան: Այս երկրներն առաջարկում են կարիերայի աճի գերազանց հնարավորություններ և մրցունակ աշխատավարձեր, սակայն կյանքի արժեքը կարող է զգալիորեն տարբերվել՝ կախված գտնվելու վայրից:
- Հայաստանում այս տարվա սեպտեմբերին ֆինանսական և ապահովագրական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 576 հազար 670 դրամ։ Այսինքն՝ տարեկան միջին աշխատավարձը կկազմի շուրջ 7 մլն դրամ (շուրջ 17 հազար 400 դոլար)։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Հատկանշական է, որ Հայաստանում ֆինանսական ոլորտում կանանց միջին աշխատավարձը կազմում է շուրջ 403 հազար դրամ, տղամարդկանցը՝ 838 հազար 600 դրամ։ Այս ոլորտում աշխատավարձը սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբների համեմատ աճել է 12 %-ով։
Ֆինանսների ու ապահովագրության ոլորտը Հայաստանում ամենաբարձր վարձատրվողներից 2-րդն է։ Այն զիջում է միայն տեղեկատվության ու կապի ոլորտին։
Հայաստանում սեպտեմբեր ամսվա տվյալներով 22 հազար 368 մարդ աշխատում է ֆինանսական և ապահովագրական ոլորտում՝ նրանցից 880-ը՝ պետական հատվածում։ Ֆինանսական և ապահովագրական ոլորտում աշխատողների շրջանում գերակշռում են տղամարդիկ, որոնց թիվը կազմում է 13 450:
Անժելա Պողոսյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում