Աշխարհի խոշորագույն կրիպտոարժույթների բորսայի՝ Binance-ի գործադիր տնօրենը կհեռանա պաշտոնից այն բանից հետո, երբ ընկերությունը, ի թիվս այլ մեղադրանքների, իրեն մեղավոր ճանաչեց նաև բանկային գաղտնիքի մասին օրենքի, փողերի լվացման դեմ պայքարի մասին օրենքի խախտման մեջ,- գրում է NBC News-ը:
Կրիպտոարժույթի բորսայի հիմնադիր Չանգպեն Չժաոյին ԱՄՆ-ում քրեական պատասխանատվության կենթարկեն, իսկ ընկերությունը կվճարի ավելի քան 4.3 մլրդ դոլար, ինչը պատմության մեջ ամենամեծ տուգանքն է:
Արդարադատության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ ասվել է, որ Չժաոն մեղադրվում է ԱՄՆ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը խախտելու, ինչպես նաև ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները դիտավորյալ չպահպանելու մեջ, և կհեռանա գործադիր տնօրենի պաշտոնից:
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դատարանին առաջարել է 50 մլն դոլարի չափով տուգանք կիրառել Չժաոյի նկատմամբ։ Նշվում է՝ Binance-ը նույնպես իրեն մեղավոր է ճանաչել և կհամաձայնի վճարել 4 մլրդ դոլար ընդհանուր տուգանք։
Չժաոն հաստատել է գլխավոր գործադիրի պաշտոնից իր հեռանալը X-ում արված իր հրապարակման մեջ, որտեղ նա խոստովանել է, որ սխալներ է թույլ տվել: Նա նաև նշել է, որ գլխավոր տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Binance-ի տարածաշրջանային շուկաների ղեկավար Ռիչարդ Թենգը:
Binance-ը չի հայտնել նաև ավելի քան 100 000 կասկածելի գործարքների մասին:
Binance-ի աշխատակիցները ներքին կարգով նշել են, որ ընկերությունը նույնիսկ արձանագրություններ չունի, որպեսզի նշի այն գործարքները, որոնք փողերի լվացման վտանգ են ներկայացնում:
Նշվում է, որ Binance-ը Արդարադատության նախարարության հսկողության տակ է գտնվում առնվազն 2018 թվականից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում