Կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է 9 անձ, այդ թվում՝ պաշտոնյաներ

3 Min Read

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Արտաշատի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Տ. Կ.-ն և նույն ծառայության  նշանակման վարչության բաժիններից մեկի պետ Հ. Ս.-ն, իրենց լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի օգտին գործողություն կատարելու համար, ավագ սոցիալական աշխատող Լ. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ, բազմաթիվ նպաստառուներից պարբերաբար տարբեր չափերի կաշառք են ստացել:

Մասնավորապես, նախաքննությամբ ստացված տվյալների համաձայն, Արտաշատի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի աշխատակից Լ. Մ.-ն, Տ. Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ և իր մտերիմ Է. Խ.-ի միջնորդությամբ, 2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Մրգանուշ բնակավայրի բնակչի՝ պետական նպաստ ստանալու ժամկետը երկարաձգելու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու համար նրանից որպես կաշառք ստացել է 30.000 ՀՀ դրամ:

Բացի այդ, դարձյալ Տ. Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ և Է. Խ.-ի միջնորդությամբ, Լ. Մ.-ն Մրգանուշ բնակավայրի մեկ այլ բնակչի օգտին գործողություն կատարելու, այն է՝ սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակում ընդգրկելու և պետական նպաստ տրամադրելու գործընթացը սահուն և անխոչընդոտ կազմակերպելու համար 2023 թվականի սեպտեմբերին նրանից որպես կաշառք ստացել է 35.000 ՀՀ դրամ:

Պարզվել է նաև, որ Տ. Կ.-ն և Լ. Մ.-ն 2023 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին Արարատի մարզի ևս երկու նպաստառուից որպես կաշառք ստացել են 50.000 և 35.000 ՀՀ դրամ:

Նախաքննությամբ նաև տվյալներ են ստացվել Լ. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ մեկ այլ պաշտոնատար անձի՝ Միասնական սոցիալական ծառայության նշանակման վարչության բաժիններից մեկի պետ Հ. Ս.-ի կողմից նպաստառուից կաշառք ստանալու վերաբերյալ: Մասնավորապես՝ 2023 թվականի հոկտեմբերի 31-ին Լ. Մ.-ն Արարատի մարզի բնակչին տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստացողների ցուցակում ընդգրկելու հարցը կարգավորելու դիմաց նրա ամուսնուց որպես կաշառք պահանջել և ստացել է 300.000 ՀՀ դրամ, որից 200.000 ՀՀ դրամը փոխանցել է բաժնի պետ Հ. Ս.-ին:

Նպաստառուներից կաշառք ստացած Տ. Կ.-ն, Հ. Ս.-ն և Լ.Մ.-ն, վերջիններիս կաշառք տված 5 անձինք և կաշառքի միջնորդություն կատարած Է. Խ.-ն ձերբակալվել են:

Նրանց մեղադրանքներ են ներկայացվել կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության համար: Դատարանի որոշմամբ միասնական սոցիալական ծառայության երկու բաժնի պետերի՝ Տ. Կ.-ի և Հ. Ս.-ի նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են ընտրվել վարչական հսկողությունն ու պաշտոնավարման կասեցումը, իսկ ավագ սոցիալական աշխատող Լ. Մ.-ի նկատմամբ՝ չբացակայելու արգելքը, պաշտոնավարման կասեցումը և գրավը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և այլ վարութային գործողություններ՝ ենթադրյալ հանցանք կատարած անձանց ամբողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվեք այս հոդվածով