Հայաստանում առողջապահության ոլորտը շարունակում է զարգանալ՝ չնայած այն հանգամանքին, որ դեռևս հազարավոր մարդկանց համար առողջապահական շատ ծառայություններ անհասանելի են։ Շատերը չունեն անհրաժեշտ գումար՝ համեմատաբար թանկարժեք հետազոտությունների և հետագա բուժումների համար։ Սոցիալական անբարենպաստ վիճակից ելնելով՝ մարդիկ դիմում են բժիշկներին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Այս ընդհանուր համապետական խնդրին պատշաճ լուծում չի տրվել անկախությունից ի վեր։ Անշուշտ, կպահանջվեն հսկայական ֆինանսական միջոցներ, ինչպես նաև մասնավոր և պետական հատվածների սերտ համագործակցում։ Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել բժիշկների մասնագիտական որակների կատարելագործմանը հատկապես առաջնային օղակում, քանի որ հիվանդության ճիշտ ախտորոշումը ապաքինման երաշխիքն է։
2024 թվականին առողջապահական 3 նոր կենտրոնի շինարարություն կսկսվի. Ավանեսյան
Ուսումնասիրենք՝ գների փոփոխության ինչ պատկեր է ձևավորվել առողջապահության ոլորտում.
Մինչև 2023թ-ի մարտ ամիսը, առողջապահության ոլորտում գնաճը ցածր էր ընդհանուր գնաճի մակարդակից։ Այսպես, 2023թ-ի հունվարին գնաճը կազմում էր 8,1%, իսկ առողջապահության ոլորտում՝ 3,3%։ Արդեն մարտին այս տարբերությունը մեծ չէր․ ընդհանուր գնաճը 5,4% էր, իսկ առողջապահության ոլորտում՝ 5,1%։
2023թ-ի մարտից հետո առողջապահության ոլորտում արձանագրված գնաճը գերազանցեց ընդհանուր գնաճի մակարդակը։ Մասնավորապես, 2023թ-ի հոկտեմբերին առողջապահության ոլորտում արձանագրված գնաճը կազմում է 1,9%, իսկ ընդհանուր գնաճը՝ 0,1%։
Ուսումնասիրենք գների փոփոխությունը առողջապահության ոլորտում՝ ըստ տարբեր բաժինների․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ-ի հոկտեմբերին 2022թ-ի հոկտեմբերի համեմատ դեղագործական ապրանքների մասով գնանկում է 4,4%-ով։ Ավելին, գնանկումը պահպանվում է արդեն 5 ամիս։
Բժշկական նշանակության այլ արտադրանքի մասով գնաճի դանդաղեցում է դիտվում։ 2023թ-ի հոկտեմբերին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գնաճը բժշկական նշանակության այլ արտադրանքի մասով կազմել է 1,4%։
Մասնագիտական բժշկական խորհրդատվական ծառայությունների գների կայծակնային աճ է նկատվում։ Այսպես, դեռևս 2023թ-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ գնաճը կազմում էր 6,9%։ Այնուհետև դիտվում է գնաճի արագացում։ 2023թ-ի մարտ, ապրիլ, մայիս ամիսներին 2022թ-ի համադրելի ժամանակահատվածի համեմատ գնաճը հաստատվում է 12,8% մակարդակում։ 2023թ-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ամսիների համեմատ գնաճը կազմում է 12,2%։
Ստոմատոլոգիական ծառայությունների գների աճը ևս դանդաղել է։ Դեռևս 2023թ-ի հունվարին 2022թ-ի հունվարի համեմատ ստոմատոլոգիական ծառայությունների գների աճը կազմում էր 6,2%, իսկ արդեն 2023թ-ի հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ՝ 2,4%։
Գների աճ է նկատվում նաև բժշկական հետազոտական լաբորատորիաների և ռենտգեն կաբինետների ծառայությունների մասով։ Վերջինիս հետ կապված գնաճը դեռևս 2023թ-ի հունվարին կազմում էր 0,4%, իսկ արդեն 2023թ-ի հոկտեմբերին ունենք 2,7% գնաճ։
Հիվանդանոցային ծառայությունների մասով գնաճը դեռևս 2023թ-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ կազմում էր 3,6%։ Այնուհետև դիտվում է գնաճի արագացում։ 2023թ-ի մարտ, ապրիլ, մայիս ամիսներին 2022թ-ի համապատասխան նույն ամսիների համեմատ գնաճը հաստատվում է համապատասխանաբար 6,8% և 6,7% մակարդակներում։ 2023թ-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ամսիների համեմատ գնաճը կազմում է համապատասխանաբար 5,9% և 5,7% ։
- Ամփոփոելով նշենք, որ վերը ներկայացվածը չի նշանակում, որ բոլոր ծառայությունների, բժշկական սարքավորումների կամ դեղագործական արտադրանքի մասով է դիտվում գների աճ կամ գների անկում: Սակայն նույնիսկ այս պարագայում գնաճային սույն դրսևորումները, որոնք կարող են նաև ունենալ որևէ հիմնավորում, հասարակության լայն շերտերին թույլ չեն տալիս առողջությունը վերականգնելու համար օգտվել բժշկական հաստատությունների բազմաթիվ ծառայությւոններից։ Առողջության պահպանման հնարավորությունները շոշափելիորեն ընդլայնելու համար դեռևս շատ են անելիքները, անհրաժեշտ են գնային հստակ սահմանաչափերի ներդրում և համակարգային փոփոխություններ։