Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ատեստավորման համակարգի ներդրման արդյունքում երեք տարում 3 549 ուսուցչի վարձատրություն այս ճանապարհով բարձրացել է:
Նրա խոսքով՝ փոփոխությամբ առաջարկվում է 60-69% արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար կիրառել դրույքաչափի բարձրացում՝ 200 հազար դրամի չափով։ Սրա շնորհիվ երեք տարվա արդյունքով 1 630 ուսուցիչներ ևս կօգտվեն կամավոր ատեստավորման համակարգով վարձատրության բարձրացումից:
«Ըստ այդմ, համակարգի միջոցով երեք տարում վարձատրության բարձրացում ունեցած ուսուցիչների թիվը կկազմի շուրջ 5179: Նշեմ, որ այստեղ կարող են լինել կրկնություններ, որովհետև կան ուսուցիչներ, որոնք ատեստավորմանը մասնակցել են մեկից ավել անգամ՝ իրենց արդյունքը բարելավելու նպատակով։ Այդուհանդերձ, սա կազմում է պետական դպրոցների ուսուցիչների (28024) շուրջ 18%-ը։ Կարգավորումը կսկսի գործել որոշման ընդունումից հետո՝ նաև նախորդ տարիների 60-69% արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար, փոփոխության ընդունման պահից սկսած։
Հաջորդ կարևոր փոփոխությունն այն է, որ առաջարկվում է կրկնակի ատեստավորման արդյունքում բավարար ցուցանիշ չունեցած, սակայն մասնագիտական զարգացման աճ գրանցած կամ շեմային արդյունք ցուցաբերած ուսուցիչներին ատեստավորման ևս մեկ հնարավորություն ընձեռել։ Ըստ այդմ, 50-59% արդյունք ցուցաբերած կամ առաջինից երկրորդ ատեստավորման արդյունքների մեջ առնվազն 15% աճ գրանցած ուսուցիչները կստանան ևս մեկ անգամ ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն»,– ասել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում