Առողջապահության, կրթության ոլորտներին հատկացվելիք ծախսերն ավելի քան կրկնապատկվում են: Առողջապահության ոլորտին հատկացվելիք ծախսերի ավելացմամբ, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կրկնապատկվում է առողջապահության հասանելիությունը քաղաքացիների համար:
Նրա խոսքով՝ սա կարևորագույն հանձնառություններից, խոստումներից է մեկն է: 2018 թ. երկրի կառավարումը ստանձնելով՝ առաջ քաշեցին թեզ, որ քաղաքացին չպետք է մնա հիվանդանոցների դռներին, և այսօր արդեն քաղաքացին չի մնում հիվանդանոցների դռներին:
«Վերջին տվյալներով՝ պետպատվերով առողջապահական պլանային ծառայությունների կարիք ունեցող անձինք հերթագրումից հետո մեկ ամսվա ընթացքում ստանում են այդ ծառայությունները: Սա չի վերաբերում անհետաձգելի ծառայություններին, որոնք մատուցվում են ըստ անհրաժեշտության: Եվ դրա արդյունքը մենք տեսնում ենք այսօր: 2023 թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ-ում նվազագույն մահացությունն է գրանցվել վերջին վեց տարում և բնական առավելագույն աճը»,- ասել է վարչապետը:
Նա անդրադարձել է նաև կրթության ոլորտին, ասելով, որ հստակ ձևակերպել են, թե ինչ են ուզում կրթական համակարգից, դպրոցից:
«Մենք ուզում ենք, որ երեխան այնտեղից դուրս գա մտքով ուժեղ, ֆիզիկապես ուժեղ և հոգեբանորեն ուժեղ: Մենք ուզում ենք, որ երեխայի մտքում և հոգում բյուրեղանան շատ կարևոր և շատ կոնկրետ արժեքներ, և այդ արժեքների արժեքը պետք է լինի պետությունը՝ ՀՀ-ն»,– նշել է նա:
Ինչ վերաբերում է 2018 թ. համեմատությամբ կապիտալ ծախսերը եռապատկելուն, Փաշինյանը նշել է, որ այս համատեքստում շարունակելու են կառուցել ջրագծեր, ճանապարհներ, էլեկտրագծեր, մանկապարտեզներ, դպրոցներ, և սա խաղաղության օրակարգի ֆինանսատնտեսական արտահայտությունն է:
«Վերջին հինգ տարում մենք Հայաստանում 28 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել: Սա ահռելի թիվ է, որն էականորեն մեծացրել է մեր տնտեսության պոտենցիալը: Բայց այդ պոտենցիալն իրացնելու համար անհրաժեշտ են հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Այստեղ պետք է ձևավորվի այն կադրային մարդկային ռեսուրսը, որը պետք է իրացնի, այսինքն՝ օգտագործի տնտեսական գոյացած պոտենցիալը և այն վերածի տնտեսական շարունակական զարգացման»,- ասել է Փաշինյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում